Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները
Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 4-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը պարտվել են:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը կիսել է միավորը:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը պարտություն է կրել, Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:
ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։