Կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները.ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին Հայ իրավաբանների համագումարի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի թեմայով:
ՄԻՊ գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջին իրադարձությունների հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ծավալը շեշտակի ավելացել է:
«Շարունակում ենք իրականացնել մեր ամենօրյա ընթացիկ աշխատանքը, միևնույն ժամանակ, ունենք բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակից և նրանց իրավունքների պաշտպանության, խթանման ու երաշխավորման հետ կապված հարցերն ինձ համար ևս առաջնահերթություն են: Ցանկանում եմ արձանագրել, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել ենք այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել եմ Գորիս, Կոռնիձոր և Վայք, աշխատել ենք նաև գիշերային ժամերին։ Այժմ էլ շարունակաբար այցելում ենք բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։ Այս ընթացքում զրուցել ենք շուրջ 400 մարդու հետ, որի արդյունքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,-նշել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ փաստահավաք աշխատանքները հետապնդել են երկու նպատակ՝ երաշխավորել Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը և բացահայտել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված դեպքերը, որոնք տեղի են ունեցել ադրբեջանական գործողությունների արդյունքում:
«Մեր կողմից հավաքագրված տեղեկատվության իսկությունը ստուգվել է, որից հետո է միայն ներառվել Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում: Հրապարակային զեկույցը` խորհրդապահական փակ հատվածով, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ»,- մանրամասնել է Պաշտպանը:
Այս համատեքստում Ա. Մանասյանը նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ։
«Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը, քննարկել հայրենիքին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները: