Նոր Խարբերդում տղամարդը դանակահարել էր տանտիրուհուն
Հոկտեմբերի 27-ին, ժամը 02.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք, երկողմանի պնևմոթորաքս ախտորոշմամբ» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել տանտիրուհու և նորխարբերդցի 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց միջև, որի ընթացքում էլ 39-ամյա տղամարդը դանակահարել էր 36-ամյա տանտիրուհոն:
Շենգավիթի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց:
Նրանք ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: