Հայաստանը տեղյակ էր, Արցախն ինչ է ստորագրում. Շահրամանյան
«Ինչ որոշում կայացվել է Արցախի ղեկավարության, իմ կողմից, ունեցել ենք մեկ նպատակ՝ փրկել արցախցիների կյանքերը, բանակի զինվորների, սպայակազմի կյանքերը։ Ինձ թվում է մենք կարողացել ենք իրականացնել»,-Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ պաշտպանության բանակի ողջ անձնակամզը պատերազը կանգնեցնելուց հետո հսկիչ անձնագրային կետով անցել է, որևէ մեկը չի ձերբակալվել։
«Դա եղել է մեր պայմանավորվածությունների արդյունքում։ Հսկիչ անձնագրային կետն աշխատում էր 24-ժամյա ռեժիմով։ Մենք պայմանավորվել էինք, որ պետք է ստուգումներն իրականացնեն շատ թեթև և գրեթե չիրականացվեն։ Սկզբնական շրջանում հենց այդպես էր»,- ասաց Արցախի նախագահը։
Այս ողջ ընթացքում Դուք խոսե՞լ եք ՀՀ իշխանության որևէ ներկայացուցչի կամ կառավարության ղեկավարի հետ, կապի մեջ եղե՞լ եք ՀՀ հետ, ձեր որոշումների մասին տեղյակ պահե՞լ եք նրանց:
«Իհարկե, մենք կապի մեջ ենք եղել Հայաստանի ղեկավարության հետ, որոշ հարցեր չէր իրականացվում քննարկել, քանի որ բացակայում էր կապը։
Հայաստանը տեղյակ էր՝ Արցախն ինչ է ստորագրում։ Մենք քննարկում էինք Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր վտանգերը կապված փաստաթղթերի հետ։ Բայց նորից եմ ասում՝ այդ իրավիճակում մեր նպատակն արցախցիների կյանքը փրկելն է»։
Սովի մատնված մենակ մնացած ժողովուդրը պատրաստ չէր պատերազմի, հնարավոր չէ՞ր կանխել պատերազմը:
«Հռետորական հարց է։ Կարելի է պատասխանել, որ կար հնարավորություն, բայց իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել, ես չէի տեսնում նման հնարավորություն, թե ինչը կստիպեր արցախցիներին հավատալ իրենց ղեկավարությանն ու առանց որևէ դիմադրություն ցույց տալու թողնեինք և դուրս գայինք մեր հայրենիքը։ Իհարկե, հարձակումից հետո մենք բոլորս լծվել ենք այդ հայրենիքը պաշտպանելու գործին։ Բոլոր հանգամանքները հաշվի առնելով, որոնք նշել եմ, մենք եկել ենք եզրակացության, որ անհրաժեշտ է դադարեցնել ու փրկել կյանքեր։
Ոչ մի ժողովուրդ ինքնակամ, առանց դիմադրության չէր լքի իր հայրենիքը»։