Արցախցի փոքրիկ Անդրեյը երեքամյակը Հայաստանում նշեց իսկական տորթով (տեսանյութ)
Դեռ բլոկադայի օրերին, երբ չկար սնունդ, գազ, լույս և կենսական անհրաժեշտության այլ պարագաներ, կար արցախցու հույսն ու պայքարի կամքը՝ շարունակել ապրել հայրենի հողում, նշել ծննդյան տարեդարձեր և, մոմերը փչելիս, պահել խաղաղ երկնքի տակ ապրելու նվիրական երազանքը։
Այդ օրերին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ արցախցի փոքրիկները հողից պատրաստված տորթով շնորհավորում էին իրենց երեքամյա եղբորը՝ Անդրեյին։
«Լույս չկար, բայց երեխան շատ էր ուզում մոմ փչել, ես միանգամից մտածեցի, որ կարելի է հողով ուրախացնել իրեն», - ժպիտով հիշում ու իր հնարամտության մասին Aysor.am-ին պատմում է արցախցի Էրիկան, ով իր ընկերների հետ եկել էր նշելու Անդրեյի ծննդյան տարեդարձն՝ արդեն Հայաստանում։
Տարածված տեսանյութը դիտելուն պես՝ հրուշակագործ Սոնան որոշում է տորթ-տնակ պատրաստել Անդրեյի համար և կազմակերպել փոքրիկի ծննդյան տարեդարձը։
«Այսօրվա մեր հանդիպման առիթը Անդրեյի շատ հուզիչ պատմությունն է․ բալիկ, ով ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, ստիպված էր երեքամյակը նշել այդ դառը իրականության մեջ։ Պատերազմի օրերին էր, որ տեսա այդ հոլովակը, այդ պահին ինձ մոտ երազանքի պես մի միտք առաջացավ, որ տորթ-տնակ պատրաստեմ երեխայի համար և նշեմ ծնունդը», - մեզ հետ զրույցում ասաց հրուշակագործ Սոնա Տոնոյանը։
Սոնայի նախաձեռնությանը միացել են նրա ընկերներն, ու բոլորի ջանքերի շնորհիվ այդ միտքն արդեն իրականություն է։
«Բալիկն այստեղ է, ողջ և առողջ հասել է։ Այսօր նշում ենք նաև փոքրիկ Լեոյի՝ պատվով ընկած տղաներից մեկի որդու երեքամյակը, ում հետ ևս ծանոթացել եմ հետպատերազմյան շրջանում», - նշեց Սոնա Տոնոյանը։