Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին․ Շահրամանյան
Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն արձագանքել է այն պնդումներին, ըստ որոնց Ադրբեջանն Արցախի դեմ լայնածավալ հարձակում է սկսել՝ Արցախի Հանրապետության նախագահի ընտրություն կազմակերպելու պատճառով։
«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում, և պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չի մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը։ Դա նախօրոք մշակված էր և պատրաստված էր։ Մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ»,- ասել է Սամվել Շահրամանյանը։
ԱՀ նախագահի խոսքով՝ ադրբեջանական զորքն արդեն Ստեփանակերտի մոտ էր, երբ սկսել են բանակցությունները ռազմական գործողությունը կանգնեցնելու համար։
«Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ Արայիկ Հարությունյանի հետ ունեցել էին կապ։ Առաջինն ինձ փոխանցեցին, որ մինչև չհասնեն վերջնական նպատակին, չեն դադարեցնի գործողությունները։ Իրենց ուղարկած առաջին փաստաթուղթը չենք ընդունել։ Բանակցություններից հետո ընդունել ենք մի փաստաթուղթ, ըստ որի ՊԲ-ն կլուծարվի, զենքը կհանձնվի, հանդիպում կլինի Եվլախում։ Մենք Լաչինով, ադրբեջանական հենակետով չէինք կարող դուրս գալ զենքերով։
ՀՀ զինված ուժերի՝ Արցախից դուրսբերումը, Ադրբեջանի պահանջած կետն էր, մեզ համար այն անընդունելի էր, բայց, հասկանալով, որ այդ փաստաթղթի տակ մենք չենք ստորագրելու, համաձայնել ենք։
ՀՀ իշխանությունները տեղյակ էինք, թե մենք ինչ ենք ստորագրում, մենք քննարկում էինք նրանց հետ»,- նշել է Շահրամանյանը։