Պոգոնը հաղթել է Յագելոնիային․ Բիչախչյանը մասնակցել է խաղին
Լեհական Էստրակլասայի 13-րդ տուրում Շչեցինի «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Յագելոնիային» և 2։1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացվել է խաղի 35-րդ րոպեին, երբ «Պոգոնի» խաղացողներից մեկը գրավել է սեփական դարպասն ու առավելություն տվել մրցակցին։ Առաջին կեսի վերջին րոպեներին տանտերերն, այդուհանդերձ, հավասարեցրել են հաշիվը՝ ընդմիջման գնալով 1։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկին՝ 48-րդ րոպեին, «Պոգոնի» և Լեհաստանի հավաքականի 35-ամյա հարձակվող Կամիլ Գրոսիցկին անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու առաջ է մղել իր թիմին՝ այդ կերպ ձևակերպելով նաև հանդիպման վերջնահաշիվը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը «Պոգոնի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է հանդիպման 77-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Պոգոնն» իր միավորների թիվը հասցրել է 22-ի և մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Յագոլենիան» 26 միավորով գտնվում է երկրորդ տեղում՝ առաջատարի հետ ունենալով նույնքան միավորներ, փոխանցում է ArmSport-ը։