ՄԱԿ-ը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հրադադար հաստատել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արաբական երկրների մշակած բանաձևը, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բանաձևին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45։
Ավելի վաղ Հորդանանն ու ավելի քան 40 երկիր Իսրայելի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի նախագիծ էին մշակել, որի համաձայն ՄԱԿ-ի ԳԱ-ն դատապարտում է պաղեստինցի և իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնությունները։ Բանաձևը կոչ է անում անհապաղ, հուսալի և կայուն մարդասիրական զինադադար հաստատել, որը կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցման: Փաստաթուղթը նաև կոչ է անում «անհապաղ, առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական գերության մեջ պահվող քաղաքացիական անձանց»:
Բանաձևը պահանջում է բոլոր կողմերից հետևել հումանիտար իրավունքով ստանձնած պարտավորություններին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների պաշտպանությանը: Համաձայն փաստաթղթի՝ ՄԱԿ-ը պահանջում է Գազայի հատվածում անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների անհապաղ, կայուն և անխոչընդոտ առաքման և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների՝ Գազայի հատված անխոչընդոտ մուտքի ապահովում: Այն նաև կոչ է անում չեղարկել Իսրայելի հրամանը Գազայի բնակիչների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ դեպի հարավ տեղափոխելու մասին:
Բանաձևում ընդգծվում է նաև միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանությունն ապահովելու մեխանիզմի ստեղծման հրատապ անհրաժեշտությունը։