Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ իրենք Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում սպառնալիքը․ Տիգրան Աբրահամյան
Վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ իրենք Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում ադրբեջանական սպառնալիքը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Նախ չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է այդ ուղղությամբ ագրեսիայի անկանխատեսլիությունն ապահովել, երկրորդ, անուղղակի ասում է, որ այդ հարցը խաղաղ ճանապարհով է լուծելու:
Մյուս վտանգավոր հանգամանքը, Ադրբեջանը չհարձակվելու «հավաստիացումը» միայն Սյունիքի մարզի առնչությամբ է արտահայտում, ինչը այլ հարցեր է առաջացնում ՀՀ մյուս մարզերի առնչությամբ:
Հայաստանյան գործող իշխանությունները պատմական նվեր են թուրք-ադրբեջանական դաշինքի համար և նրանք փորձում են իրենց հավակնությունների ու ֆանտազիայի ողջ պաշարն իրացնել, ընդ որում` նրանց համար տարբերություն չկա, թե դա ինչ ճանապարհով կարվի` խաղա՞ղ, թե՞ պատերազմական», - գրել է նա: