«Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործով դռնփակ նիստը թեւակոխում է հետաքրքիր փուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է; «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով դռնփակ նիստը թեւակոխում է հետաքրքիր փուլ:
Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվելու վկաները՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատած վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին , քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:
Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին. նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: