Խաբկանք նկարով. Հայաստանը խաչմերուկ չի դառնա. Սերգեյ Մելքոնյան
«Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը գրում է.«Խաբկանք նկարով. Հայաստանը խաչմերուկ չի դառնա
Երեկ ՀՀ կառավարությունում նստած մարդիկ ներկայացրել են մի նկար, որտեղ երևում է, թե ինչպես հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանը կվերածի «աշխարհի խաչմերուկի»՝ Երևանին ելք ապահովելով դեպի Սև, Կասպից և Միջերկրական ծովեր, նաև Պարսից ծոց:
Շտապեմ բոլորին վշտացնել: Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը շահագրգռված չեն Հայաստանը կոմունիկացիաների խաչմերուկ դարձնելու հարցում։ Նրանք ունեն իրենց օրակարգը, որը Հայաստանի կառավարությունում նստածները չեն ուզում ցույց տալ իրենց նկարում։
Հենց Նախիջևանը կդառնա այդ խաչմերուկը։
Այս նկարում ցույց չեն տվել երկաթուղու ամենակարևոր հատվածը, որը Նախիջևանից գնալու է Թուրքիա։ Այդ պատճառով Թուրքիայի պլանավորած քարտեզ եմ տեղադրում։ Ըստ դրա Անկարան և Բաքուն չեն ծրագրում միմյանց հետ կապվել Երևանի միջոցով և այնուհետև Կարսի ուղղությամբ։ Ճանապարհը կանցնի Արցախի ժամանակավորապես օկուպացված հատվածով, այնուհետև Սյունիքով դեպի Նախիջևան և անմիջապես դեպի Թուրքիա (Բաքու-Նախիջևան-Կարս)»։