Իսրայելի վարչապետը հրաժարվել է ստորագրել Գազայում ցամաքային գործողության պլանը․ NYT
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ստորագրել Գազայի հատվածում ցամաքային գործողության պլանը, որը նրան է ներկայացրել Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը։ Այս մասին The New York Times-ին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ցանկանում է ստանալ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո երկրում ընդդիմության հետ միասին ստեղծված արտակարգ կառավարության անդամների միաձայն հավանությունը։ Մասնավորապես, Նեթանյահուն զգուշանում է զինվորականներին Գազայում գործողություններ իրականացնելու թույլտվությունից, քանի որ վախենում է հանրային վստահության անկումից և հնարավոր մեղադրանքներից, եթե դա ձախողվի, NYT-ին ասել են հարցված վերլուծաբանները:
Միևնույն ժամանակ, Նեթանյահուի անվճռականությունը զայրացրել է Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներին, նշել են աղբյուրները։ Նրանք հայտնել են, որ զինվորականների և վարչապետի միջև փոխադարձ կասկածներն այնքան են ուժեղացել, որ պետական ծառայողները զինվորականներին արգելել են հանդիպումներին ձայնագրող սարքեր բերել:
Տարաձայնությունները վերաբերում են նաև գործողության նպատակներին։ Նեթանյահուն ցանկանում է միաժամանակ հասնել պատանդների ազատ արձակմանը և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, սակայն այդ խնդիրների միջև հավասարակշռություն գտնելը բավականին դժվար է, նշում են NYT-ի զրուցակիցները։
Այս տարաձայնություններն ակնհայտ դարձան հոկտեմբերի 26-ին, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն իր ելույթում չնշեց պատանդների փրկությունը որպես Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական նպատակներից մեկը: