Ո՞ւր է Ալիկ Հարությունյանը, քանի նա կա, հոկտեմբերի 27-ի գործը շանս ունի բացահայտվելու․ Անդրանիկ Քոչարյան
Ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար «հոկտեմբերի 27»-ը բացահայտված է, իսկ իրավական առումով բացահայտումներն ինչ ընթացք պետք է ունենան, խնդիրը դրա մեջ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Գիտեք, որ գլխավոր դատախազի հանձնարարականով գործը ստացել է իր շարունակությունը եւ քննչական խումբը աշխատում է այդ ուղղությամբ: Լիահույս եմ, որ դեռ Նա լիահույս էկա հնարավորություն այդ ցանկալի բացահայատումներին հասնելու համար: Դատախազությունն ամբողջ ծավալով չէր կարող ներկայացնել, թե ինչ աշխատանք է կատարված եւ այդ ճյուղավորումները ինչպիսի հանգուցալուծման առաջ կկանգնեցնեն գործի ավարտական եզրահանգումների մեջ:
Գիտեք, որ շատ ցանկալի վկաներ այսօր գոյություն չունեն։ Մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում։ Վկաներից Տիգրան Նազարյանը չկա, Հունանյան եղբայրների քեռին նույնպես չկա, կալանավայրում էլեկտրահարվեց նաեւ տվյալ մասնագիտությամբ գիտելիքներ ունեցող խմբի մեջ ներառված անձը: Ինչ-որ մարդիկ կան, կան նաեւ այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող են գտնել բազմաթիվ դրվագներ, համոզված եմ, որ գտել են, որոնց ուղղությամբ պետք է զարգացնել:
Վերջին հաշվով բոլորդ մոռացել եք՝ ո՞ւր է Ալիկ Հարությունյանը։ Քանի Ալիկ Հարությունյանը կա, գործը դեռ շանս ունի բացահայտվելու: Նա այն ժամանակ կարևոր վկաներից մեկն էր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա հավելեց, որ շատ տաօրինակ ձեւով քրեական գործում ներառված նաեւ կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27-ից հետո ունեցան հնարավորություն ոչ միայն կեղծիքի դետեկտորով չանցնելու, այլեւ ազատ արձակվեցին. «Ենթադրում եմ, որ նորից պետք է լսել այդ մարդկանց:
Նշենք, որ ԱԺ պատգամավորները, 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և մյուս քաղաքական գործիչների ընտանիքները հարգանքի տուրք մատուցեցին ոճրագործության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 24-րդ տարելիցը։
Հոկտեմբերի 27-ին, հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։ Ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: Կրակոցների հետևանքով ևս 8 մարդ վիրավորվեց։