Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ հոկտեմբերի 27-ի գործն առ այսօր բացահայտված չէ. Ստեփան Դեմիրճյան
Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ «հոկտեմբերի 27»-ի գործն առ այօր լիարժեք բացահայտված չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։
«Այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի դեռ ընթանում է քննություն։ Այսօր հենց դատախազությունը հաղորդագրություն ներկայացրեց, հաշվետվություն ներկայացրեց: Կանդրադառնամ, երբ քննչական մարմինը վերջնական եզրակացություն կներկայացնի: Սպասենք, գոհ եմ, թե գոհ չեմ, կգա ժամանակը՝ կասեմ:
Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ «հոկտեմբերի 27»-ի գործն առ այօր լիարժեք բացահայտված չէ: Քչերն են հավատում, որ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել»,-ասաց նա:
Ստեփան Դեմիրճյանը շարունակեց. «Իմ գնահատականը հայտնի է՝ «հոկտեմբերի 27»-ը ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը։ «Հոկտեմբերի 27»-ի կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր»:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 24-րդ տարելիցը։
Հոկտեմբերի 27-ին, հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։ Ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: Կրակոցների հետևանքով ևս 8 մարդ վիրավորվեց։