Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում մնացած անձինք ևս աջակցության շահառու կհամարվեն. Փոխնախարար
ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձ արդեն իսկ ստացել է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Շուրջ 100 000 անձ արդեն ստացել է 100 000 միանվագ աջակցությունը. «Հումանիտար կենտրոնում» հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության որոշման փոփոխության համաձայն՝ աջակցության շահառու են համարվելու նաև այն անձինք, որոնց տեղաշարժը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով սահմանափակվել էր։ «Որոշ մարդիկ ունեին առողջապահական խնդիրներ, կամ ուսումնառության համար տեղափոխվել են ՀՀ, նրանք ևս կստանան աջակցության վճարումները»,-ասաց նա։
Բացի այդ, փոխնախարարը նշեց, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին էլ 50 000 դրամներ կփոխանցվեն բոլոր այն շահառուներին, որոնք 100 000 դրամի շահառու են հանդիսացել։ Գումարը կստանան առաջնային ծախսերը հոգալու համար։