Ինչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Կապանի համայնքապետը՝ Իրան կատարած քառօրյա պաշտոնական այցի ընթացքում
Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 20-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի վերաբերյալ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է համայնքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրությունից՝ Գեւորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը ԻԻՀ է մեկնել Սպահան քաղաքի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով։
Քառօրյա պաշտոնական այցի ընթացքում Գեւորգ Փարսյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները։
«Սպահանի քաղաքապետը, ողջունելով պատվիրակությանը, իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու քաղաքների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։ Գևորգ Փարսյանը ևս շնորհակալություն է հայտնել Ալի Ղասեմզադեին՝ հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար։ Անդրադառնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակին, համայնքի ղեկավարը հաստատել է Կապանի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու իր պատրաստակամությունը, ընդ որում, հաշվի առնելով տեղի հայ համայնքի կարևոր դերակատարությունը»,- նշվում է հաղորդագրությունում։
Սպահան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կապանի պատվիրակությունը ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի նախագահությամբ հանդիպում է ունեցել նաև թեմի պատգամավորական ժողովի, թեմական և կրոնական խորհուրդների, հաշվեքննիչ մարմնի, Հայ Դատի հանձնախմբի անդամների ու համայնքում գործող միությունների նախագահների հետ։
«Հանդիպմանը քննարկված թեմաների առանցքում եղել է Սյունիքը, Արցախում պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերները, ինչպես նաև Սպահանի հետ նոր կապերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ քառօրյա այցի շրջանակում պատվիրակության անդամները եղել են Սպահանի պետական համալսարանում, հանդիպել Հայագիտական ամբիոնի ակադեմիական կազմի հետ, այնուհետև այցելել Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ հանդիպել են «Արմէն» տարրական և «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրենությունների հետ:
Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում Գևորգ Փարսյանը հանդիպումներ է ունեցել նաև Քաշանի քաղաքապետի և համայնքապետի հետ, և նրանց կողմից ստացել փոխգործակցության առաջարկներ։
ԻԻՀ Կապանի պատվիրակության այցը եզրափակվել է մայրաքաղաք Թեհրանում, «Արարատ» մարզամշակութային միությունում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով։