Ուկրաինացիները մարտի դաշտում չեն հաղթի. Հունգարիայի վարչապետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող հաղթել մարտի դաշտում, ուստի Եվրամիությունը պետք է փոխի իր ռազմավարությունը և «պլան Բ» պատրաստի, հայտնում է Reuters-ը։
Հունգարիայի պետական ռադիոյին տված հարցազրույցում, որն Օրբանը տվել է Բրյուսելում, որտեղ նա եկել էր ԵՄ գագաթնաժողովին, նա ասել է, որ Ուկրաինայում պատերազմի հարցում ԵՄ ռազմավարությունը «ձախողվել է»:
«Այսօր բոլորը գիտեն, բայց չեն համարձակվում բարձրաձայն ասել, որ այս ռազմավարությունը ձախողվել է։ Ակնհայտ է, որ սա չի աշխատի: Ուկրաինացիները մարտի դաշտում չեն հաղթի»,- ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է «պլան Բ» մշակել։ Միևնույն ժամանակ, Օրբանն ասել է, որ պատճառ չի տեսնում հունգարացի հարկատուների գումարները ծախսելու Ուկրաինային օգնելու համար։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ ԵՄ գագաթնաժողովում «կռիվ է եղել» Ուկրաինային օգնության համար ֆինանսավորման հատկացման շուրջ, և ԵՄ իշխանությունների առաջարկած տարբերակները իր երկրին չեն բավարարում։
Որպես բյուջեի ճշգրտման մաս, հիշեցնում է Reuters-ը, ԵՄ իշխանություններն անդամ երկրներին հրավիրել են լրացուցիչ ներդրումներ կատարել Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու և ևս 15 միլիարդ եվրո միգրացիայի վրա ծախսելու համար: Մեկ այլ առաջարկով նախատեսվում էր 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն Ուկրաինային:
Օրբանի խոսքով՝ անհրաժեշտ է Ուկրաինայի համար «պլան Բ» մշակել, գնահատել դրա ծախսերը և միայն դրանից հետո քննարկել, թե ինչպես դրանք բաշխել ԵՄ անդամ երկրների միջև։