Արցախի պետական ապարատի աշխատակիցների մեծ մասն արդեն ստացել է աշխատավարձ․ Արցախի պատգամավոր
ԱՀ Կառավարությունն արդեն սկսել է աշխատավարձերի վերադարձման գործընթացը եւ մեծամասնությունն արդեն ստացել է գումարները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NEWS․am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։
«Իմ տեղեկություններով՝ մեծ մասն արդեն ստացել է աշխատավարձերը․ եւ՛ ոստիկանությունը, եւ՛ պետական համակարգի աշխատողները։ Միգուցե կան հիմնարկներ, որ դեռ չեն ստացել, բայց գործընթացն արդեն սկսվել է»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ նշեց, որ Հայաստանի Կառավարության որոշմամբ՝ Արցախի պետբյուջեի սառեցումից հետո Արցախից բռնի տեղահանված պետական ապարատի աշխատակիցների, այդ թվում՝ պաշտոնյաների աշխատավարձերը մինչեւ օրս չեն վերադարձվել, փոխարենը նրանց ցուցաբերվել է միանվագ օգնություն։
Դավիթ Գալստյանը, նշելով, որ իրենց դեռեւս պարզաբանում չի տրվել եւ չգիտեն՝ երբ կստանան աշխատավարձերը․ «Կառավարությունը ում հետ է հանդիպում, որ պարզաբանում տա, կոնկրետ ես կառավարության անդամներին չեմ հանդիպել եւ պարզաբանում էլ ինձ ոչ մեկը չի տվել»։
ԱՀ ԱԺ պատգամավոր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իրեն նույնպես պարզաբանում չեն տվել բյուջեի սառեցման առնչությամբ․ «Ես ժողովրդի պահանջով փորձել եմ պարզաբանում ստանալ կառավարությունից, սակայն հայտնվել եմ հանրային գործիչներ, պաշտոնյաների թիրախում։ Կար բյուջե, խոստացել էին՝ ժողովրդին մինչեւ հունվար աշխատավարձեր տալ․ մարդիկ այդ հաշվարկով տներ էին վարձել»։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» այն հրապարակմանը, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը նույնպես ստացել է 100 հազար դրամ միանվագ օգնություն եւ հարցին, թե ինչո՞ւ է նշվել միայն Սամվել Շահրամանյանի անունը, եթե բոլոր պաշտոնյաններն են ստացել օգնությունը, Մետաքսե Հակոբյանը մեկնաբանեց․ «Քանի որ իրենց համար Արցախի նախագահ որպես այդպիսին ընդունելի չէ»։