Հունգարիայի ԱԳ նախարարն իր ներդրումը կունենա, որ պահպանվի ԼՂ-ում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը
Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, հոգևոր ժառանգության հարցը էլ ավելի է սրվել, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հիշում եք՝ մենք դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային գործընկերներն, կար պայմանավորվածություն ՅՈՒՆԵՍԿՕ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, բայց Ադրբեջանի կողմից հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը մինչ այժմ չի կայացել»,- ասաց նա։
Նախարարն ասաց, թե հիմա ավելի քան պահանջված է այդ այցը։
«Մենք հուսով ենք, որ այն տեղի կունենա, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Միրզոյանը։
ԱԳ նախարարն ասաց, թե Հունգարիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել միջամտել ու իր ներդրումն ունենալ այս գործում՝ ապահովելով, որ պահպանվի ԼՂ-ում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը։