Պաղեստինը հայտնել է, որ Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում օրական հազարավոր բնակիչներ են մահանում
ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով ամեն օր հազարավոր պաղեստինցի է մահանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի ամբիոնից՝ ելույթ ունենալով Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանությանը նվիրված Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում։
Մանսուրը նշել է, որ Գազայի հատվածում սպանվածների 70 տոկոսը երեխաներ և կանայք են։
Ըստ Պաղեստինի ներկայացուցչի՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում մահացել է 3 հազար երեխա և 1700 կին։
Նրա խոսքով՝ այդ հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ավերվել է բնակելի շենքերի ավելի քան 40 տոկոսը, 1600 մարդ մնացել է փլատակների տակ, 1,4 միլիոն տեղացի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ նրանց մեծ մասը վերադառնալու տեղ չունի։
«Ես կոչ եմ անում բոլորիդ քվեարկել սպանությունը դադարեցնելու համար և թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված», - ասել է պաղեստինցի խոսնակը: