Բռնի տեղահանված արցախցիներին կտրվի փախստականի կարգավիճակ
Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ կվերցվեն հետևյալ անձինք. ԼՂ-ի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ն, և 3-րդ խումբն այն անձինք են, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ-ի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվել են ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
«Փաստացի, ԼՂ-ի բնակիչները այսօր հնարավորություն չունեն վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր։ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը և դրանով՝ նաև նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակը»,-ասաց նախարարը:
Գրիգոր Մինասյանն ընդգծեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից։
Նա նաեւ հավելեց, որ այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր բռնագաղթածներն ինքնաշխատ եղանակով կդառնանա փախստական և երեք ամսվա ընթացքում կարող են փախստականի փաստաթուղթը վերցնել համապատասխան գերատեսչություններից, ինչը նրանց անհրաժեշտ է ճամփորդելու դեպքում:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ մարդիկ, այդ կարգավիճակն ունենալով, իրավունք ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով և պարտականություններով, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու, բայց նաև, օրինակ, քաղաքացի դառնալով, կենսաթոշակ ստանալով՝ փախստականին տրամադրվող սոցիալական աջակցությունը տեղին չի լինի։