Կառավարության մեթոդիկան` թվերի լեզվով աճպարարություն
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, թերթի այսօրվա խմբագրականում գրում է.
Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ ՀՀ գործող իշխանությունները որևէ ծրագիր են փորձում իրագործել ու հանդիպում են հասարակական դիմադրության, անմիջապես դիմում են տարաբնույթ հարցումների օգնությանը՝ այդպիսով փորձելով արդարացնել իրենց քայլերի տրամաբանությունը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ամենօրյա ակցիաներից կաշկանդված՝ ՀՀ կառավարությունը դարձյալ ապավինեց հարցումներին: «Քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը պատրաստ են մասնակցել նոր կենսաթոշակային համակարգին»,-այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ տեղեկացնելով, որ ԿԲ-ի նախաձեռնությամբ այդ խնդրի շուրջ հարցումներ են իրականացվել:
Մի կողմ թողնենք հարցումների մասին խոսելու բավականին սխալ ընտրված (ուշացած) ժամանակահատվածը, ուշադրություն դարձնենք ԿԲ փոխնախագահի ներկայացրած թվին, թե 50 տոկոսը կողմ է պարտադիր կուտակային համակարգին: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ մեր երկրում գործազրկության մակարդակը պաշտոնական տվյալներով տատանվում է 18-20 տոկոսի շրջանակներում (իսկ իրականում ավելի շատ է), ստացվում է, որ հասարակության զգալի մասը գործազուրկ է, հետևաբար այնքան էլ հետաքրքրված չէ իր ապագա աշխատավարձից գանձվող պարտադիր վճարներով, քանի որ անհայտ է, թե երբ կունենա այդ աշխատանքը: Իսկ աշխատող քաղաքացիների մի ստվար հատվածն էլ տարաբնույթ ակցիաներով, համացանցով ու այլ միջոցներով հետևողականորեն իր դժգոհությունն է հայտնում նախագծի պարտադիր բացադրիչի կապակցությամբ: Հետևաբար թվերի լեզվով աճպարարությունների մեթոդն այս դեպքում, մեղմ ասած, անարդյունավետ է:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: