«Ժողովուրդ». Ինչու են իրավապահները ձգձգում վարչական շրջանի ղեկավարի օգնականի վրա կրակելու գործը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ի՞նչ է քննում ՀՀ քննչական կոմիտեն կամ ինչի՞ է սպասում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակելու գործով:
Լուրեր կան, որ իրավապահները ձգձգում են գործը դատարան ուղարկելը, քանի որ ջանքեր են դրվում կողմերին հաշտեցնելու համար, որպեսզի այդպես կարողանան քրեական գործով անցնողների մեղադրանքները թեթեւացնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս միջադեպը բավականին խորը արմատներ ունի. միայն թաղապետի օգնականի վրա կրակելու վարկածը չէ, որ քննում են իրավապահները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի օգնական Կորուն Մխիթարյանն իր շրջապատի մի քանի մարդկանց հետ կռիվ է արել: Մասնավորապես, թաղապետի օգնականը ծեծի է ենթարկել Կոտայքի մարզի մի բնակչի՝ Ս. Ս.-ին՝ կոտրելով նրա ոտքերը:
Ու թեեւ իրավապահները քննում են վարկած, թե թաղապետի օգնականը հողակտորում շինարարության համար է կռվի մեջ ընկել, եւ կրակել են նրա վրա, այնուամենայնիվ, պարզվում է՝ դրանից առաջ էլ կա նախապատմություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ռոման Համբարձումյանի օգնականի վրա ուղղված՝ մայիսի 19-ի կրակոցների գործով իրավապահները իրական կրակողին հունիսի 10-ին չէին գտել եւ որոշել էին կալանավորել Կոտայքի բնակիչ Ս. Ս.-ին, որպեսզի իրական կրակողը գար, ներկայանար: Կասկածներ ունեն, որ ոտքերը կոտրած քաղաքացու մտերիմներն են հաշվեհարդար տեսել թաղապետի օգնականի նկատմամբ:
Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ տվյալներ կան՝ միջադեպի օրը Դավիթաշենի թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանն է առաջինը մեքենայից կրակոցներ արձակել, երբ փայտերով հարձակվել են իր մեքենայի վրա։ Իսկ թե ինչ զենքով է կրակել, մեզ դեռ չհաջողվեց պարզել:
Ստացվում է, չի բացառվում, որ թաղապետի օգնականը քրեական գործով հետագայում տուժողից դառնա մեղադրյալ։ Ինչեւէ, կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե գործը ինչ փուլում է։ Ի պատասխան՝ հայտնեցին՝ նախաքննություն է ընթանում․ նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 19-ին մի խումբ անձինք, դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության՝ դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոման Համբարձումյանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն: Թաղապետի տեղակալ Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ թաղապետի օգնականը հողակտորի զավթման հետ որեւէ առնչություն չունի եւ չի ունեցել, եւ իրենց համար կատարվածը առեղծված է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: