Ադրբեջանի միակ ցանկությունը Հայաստանի լուծարման մասին փաստաթուղթն է․ Մաթևոսյան
Հոկտեմբերի 26-ին Բիշքեկում կհանդիպեն ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը: MediaHub-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը այս անգամ ևս չի մեկնելու Բիշքեկ, այսօր տեղեկացանք, որ նա չի գնա նաև Բրյուսել, որտեղ պետք է կայանար Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպումը։
Հայաստանի իշխանությունների տված պարզաբանումներից պարզ է դառնում, որ փաստացի Ալիևը չի ուզում տեսնել Փաշինյանին, և սա առաջին դեպքը չէ՝ Ալիևը չէր ժամանել նաև Գրանադա:
Ի՞նչն է պատճառը։ MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշեց` պաշտոնական Երևանը բոյկոտում է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում միջնորդներին և նաև Ռուսաստանին չի տալիս տեսական հնարավորություններ կազմակերպելու բանակցություններ.
«Պաշտոնական Երևանը խուսափում է ռուսական հարթակում ցանակացած բանակցություններից, ցանկացած գործընթացներից։ Նաև հետաքրքիր է, որ «3+3» ձևաչափով հանդիպմանը Թեհրանում Արարատ Միրզոյանը բոլոր երկրների ԱԳ նախարարների հետ ունեցավ առանձին հանդիպումներ, բացառությամբ Ռուսաստանի նախարարից՝ առանձին հանդիպման մասին տեղեկություն չեղավ, գոնե պաշտոնական հաղորդագրություն չկա։ Իսկ արտաքին վեկտորի փոփոխության վերաբերյալ որոշումը վաղուց կայացված է և մենք տեսնում ենք դրա դրսևորումները»,- ասաց Մաթևոսյանը։
Օրերս ռուսական «Առաջին ալիքը» Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդում էր պատրաստել, որտեղ քաղաքագետներն ու այլ փորձագետներ քննադատում էին ու մեղադրում Փաշինյանին։ Հաղորդման արձագանքը իրեն երկար սպասեցնել չտվեց՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվեց ԱԳՆ, նրան երեկ նոտա հանձնվեց: Քաղաքագետն ասաց, որ դժվար է պատկերացնում 2004 կամ 2005 թվականին այդպիսի հաղորդում եթեր գնար «Առաջին ալիքով», որովհետև հարաբերությունների մակարդակը լրիվ ուրիշ էր և նման բան չէր կարող լինել։
«Հոկտեմբերի 23-ին հեռարձակվեց այդ հաղորդումը, իսկ հոկտեմբերի 24-ին Հայաստանում ՌԴ-ի դեսպանին կանչում են ՀՀ ԱԳՆ և բողոքի նոտա են տալիս։ Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ և ըստ եվրոպացիների կողմից չհերքված հաղորդագրությամբ՝ հանդիպման ժամանակ խոսում ադրբեջանցի «բռնի տեղահանվածների» Հայաստան վերադարձի իրավունքի և կարևորության մասին։ Ինձ ավելի շատ մտահոգում է, որ այս ամենին ՀՀ ԱԳՆ-ն առհասարակ ոչ մի արձագանք չի տալիս»,- ասաց նա։
Ըստ քաղաքագետի, Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ հրաժարվում է Հայաստանի իշխանության ղեկավարի հետ հանդիպումից՝ Ալիևը ոչ Գրանադա գնաց, ոչ էլ Բրյուսել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է իր համար էլ ավելի կոշտացնել իր փոխհարաբերությունները և բանակցությունները Հայաստանի հետ և նոր պայմաններ Հայաստանի առջև դնել։ Վստահ է՝ Ադրբեջանը չի պատրաստվում գնալ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և իրենք դա ակնհայտորեն ցույց են տալիս՝ բոյկոտելով և սաբոտաժի ենթարկելով Փաշինյանի հետ վերջին հանդիպումները։
«Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը Հայաստանում շատ սահմանափակ թվով մարդիկ կարող էին պատկերացնել, որ պայմանագրի մեջ կարող են ներառված լինել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանով Նախիջևան բացվող կոմունիկացիաների հարցը, այնպես որ էլ ինչեր կարող են բացվել այդ «խաղաղության պայմանագրում» դժվար է ասել։ Ադրբեջանի պահանջնեըը Հայաստանի վերաբերյալ վաղուց հայտնի են։ Ադրբեջանը մեկ հարց է լուծում՝ ստանալ Հայաստանից բովանդակ փաստաթուղթ, որը սեպտեմբերի 28-ին ստորագրեց Սամվել Շահրամանյանը: Այսինքն՝ փաստաթուղթ Հայաստանի լուծարման մասին»,- եզրափակեց Մաթևոսյանը։