Մոտեցումը, որ պետք է ինչ-որ տեղ դաշնակիցներ գտնենք, զենք բերենք ու կրակենք մեր հարեւանների վրա, դա մերը չէ. Փաշինյան
Մենք ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով հասկանում ենք միայն բանակ, միայն զենք: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, ի՞նչ նկատի ունի, ի՞նչ կարող են անել այլ պետությունները այլ գործնկերները:
«Ցավոք, շատ դեպքերում ենք մենք տեսնում, որ կան երկրներ, որոնզ զենքի խնդիր չունեն, բայց անվտանգության խնդիր ունեն: Եվ կան երկրներ, որոնք զենքի խնդիր ունեն, բայց անվտանգության խնդիր չունեն: Իհարկե, դա կապված է բազմաթիվ հանգամանքներից, միջավայրից եւ այլն: Անվտանգության ոլորտի մեր պատկերացումները առաջին հերթին հենվում են դրա վրա, որ պետք է մենք փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգության առումով հնարավորինս կառավարելի, եւ կանխատեսելի եւ մենք այդ միջավայրի համար պետք է լինենք կանխատեսելի: Ընդհանրապես, սպառնալիքները փոխադարձ են լինում, եւ երբեմն դժվար է լինում գտնել մեկնարկի կետը: Երբեմն իմաստ էլ չի լինում գտնել այդ կետը, որովհետեւ դրանից բան չի փոխվում:
Երբ մենք ասում ենք անվտանգության հարաբերությունների կարգավորում, մենք չենք հասկանում, որ պետք է գնանք, ուրիշ տեղերից զենք բերենք եւ կրակենք մեր հարեւան պետությունների վրա: Մենք պետք է հարաբերություններ ձեւավորենք մեր հարեւանների հետ, անվտանգության ճիշտ հարաբերություններ կառուցենք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կոմունիկացիաների բացումը, սահմանների դելիմիտացիան այդ անվտանգության քաղաքականության շատ կարեւոր մասեր են:
«Այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ այդ մոտեցումը հնացած է, որ կարելի է ունենալ շատ զենք, ուժեղ բանակ, արտադրել զենք, ներմուծել ու կրակել, բայց դա երկարաժամկետում երբեք լավ արդյունքների չի բերում, իսկ կարճաժամկետում էլ միշտ չէ, որ լավ արդյունքների է բերում: Դիվերսիֆիկացիա ասելով մենք հասկանում ենք բալանսավորման քաղաքականություն: Դրա մեջ նաեւ նկատի է առնվում մեր միջավայրը, մեր տարածաշրջանը, մեր հարեւանները: Այն մոտեցումը, որ պետք է ինչ-որ տեղ դաշնակիցներ գտնենք, որ զենք բերենք, կրակենք մեր հարեւանների վրա, դա մեր մոտեցումը չէ:
Իհարկե, մենք մտավախություններ ունենք, որ մեր հարեանները կկարկեն մեզ վրա, եւ այդ մտավածություններն է պետք կառավարել: Բայց մյուս կողմից ցանկացած ժամանակակից երկիր իրավունք ունի ունենալ ժամանակակից բանակ, զարգացնել զինված ուժերը, իր անվտանգային կարիքները բավարարելն նաեւ այս բաղադրիչով»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ խաղաղություն ասելով Հայաստանը նկատի ունի այն, որ տարածաշրջանի բոլոր երկրների սահմանները բաց են բոլորի համար, որ այդ երկրները կապված են տնտեսական կապերով, քաղաքական խոսակցությամբ, մշակութային կապերով. «Տեսեք, այստեղ զենքի մասին խոսք չկա, բայց դա անվտանգության կարեւոր բաղադրիչ է»: