Պաշտոնական Բաքուն հայտարարություն է տարածել․ հիմա էլ մեղադրում են Կանադայի արտգործնախարարին
Պաշտոնական Բաքուն Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին մեղադրել է Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ կողմնակալ դիրքորոշման մեջ և կոչ արել նրան հրաժարվել սադրիչ հայտարարություններից։
Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ Ջոլիի կողմից դրսևորած կողմնակալ դիրքորոշումը՝ չիմանալով տարածաշրջանում իրական իրավիճակը, բացարձակապես անհիմն է։
«Այն իրավիճակում, երբ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ չկա, կանադացի նախարարի հակառակ հայտարարությունները Կանադայի կողմից դրսևորած ակնհայտ կողմնակալության վառ օրինակն են», – ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Բաքուն նաև կոչ է արել Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին, որը չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը, ձեռնպահ մնալ «սպառնալիքների լեզվով խոսելուց, ինչը չափազանց սխալ է և հաջողություն չի բերի կողմերից ոչ մեկին»։
ԱԳՆ-ն նաև խստորեն դատապարտել է չորեքշաբթի օրը Երևանում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների կողմից հնչեցված մեղադրանքները։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտներ տարածաշրջանի ապագա զարգացման և առաջընթացի համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա։