Ճապոնիայի դատարանը հակասահմանադրական է ճանաչել սեռափոխության դեպքում ստերիլիզացման դրույթը
Ճապոնիայի Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել օրենքի այն դրույթը, որը պահանջում է սեռը փոխել ցանկացող մարդկանց ստերիլիզացման վիրահատություն կատարել, հայտնում է Reuters-ը։
Մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Տրանսգենդերների առողջության համաշխարհային մասնագիտական ասոցիացիան և ՄԱԿ-ի փորձագետները, հայտարարել են, որ պահանջը խտրական է և խախտում է մարդու իրավունքները:
Այնուամենայնիվ, Ճապոնիայում որոշ օրենսդիրներ և կանանց իրավունքների պաշտպան խմբեր հայտարարել են, որ օրենքը վիճարկող որոշումը խառնաշփոթ կստեղծի և կխաթարի կանանց իրավունքները: Ճապոնիայի Գերագույն դատարանը մերժել էր նմանատիպ հայցը 2019թ.-ին։
Գործը հարուցել է հայցվորը, որը մինչև 50 տարեկան տրանսգենդեր կին է։
Ճապոնական օրենքը սահմանում է, որ մարդիկ, որոնք ցանկանում են փոխել իրենց սեռը, պետք է ներկայացնեն գենդերային դիսֆորիայի ախտորոշում և բավարարեն հինգ պահանջների: Վերջիններիս թվում են՝ լինել առնվազն 18 տարեկան, ամուսնացած չլինել, չունենալ անչափահաս երեխաներ, ունենալ սեռական օրգաններ, որոնք նման են հակառակ սեռի ներկայացուցիչների օրգաններին և չունենալ վերարտադրողական գեղձեր կամ ունենալ այնպիսիք, որոնք մշտապես կորցրել են իրենց գործառույթը:
Հայցվորի փաստաբանները հայտարարել են, որ վերջին երկու պահանջները խախտում են իրենց վստահորդի՝ երջանկության և խտրականությունից զերծ ապրելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաև տրանսգենդեր մարդկանց զգալի ֆիզիկական ցավ և ֆինանսական բեռ են պատճառում: