Ֆինլանդիայում Թուրքիայի դեսպանատան վրա ծխագլանիկ են նետել
Ֆինլանդիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչության վրա ծխագլանիկ է նետվել, զոհեր չկան, հետաքննություն է ընթանում, չորեքշաբթի հայտնել է Հելսինկիի ոստիկանությունը։
«Արտակարգ իրավիճակների կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Թուրքիայի դեսպանատան մոտ ծուխ է նկատվել։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու փրկարարները՝ իրավիճակը պարզելու համար։ Ըստ ականատեսների, դեսպանատան դիմաց, հնարավոր է, ծխագլանիկ է նետվել, որը, ըստ օպերատիվ տեղեկությունների, կոնկրետ վտանգ չի առաջացրել։ Աա պայթուցիկ չէ, և տեղում հրդեհ չի եղել»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը կասկածում է, որ միջադեպին կարող են ներգրավված լինել մի խումբ մարդիկ, հետաքննություն է իրականացվում, հայտնում է Helsingin Sanomat թերթը։
Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը տագնապած է կատարվածից։ «Ինձ մտահոգում է Թուրքիայի դեսպանատան այսօրվա վանդալիզմը։ Դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ թշնամական գործողությունները բացարձակապես անընդունելի են։ Ոստիկանությունը հետաքննում է, և հուսով եմ, որ շուտով լրացուցիչ տեղեկություններ կստանանք կատարվածի մասին»,- գրել է նա X միկրոբլոգների ցանցում։