Ոստիկանությանը «քարտ-բլանշ» է տրված․ բռնության ենթարկված փաստաբան
Այսօր ոստիկանության համակարգին «քարտ-բլանշ» է տրված՝ ամեն ինչ անելու, ինչի մասին է վկայում նաև վերջին ակցիաների ընթացքում նրանց վարքագիծը։ Ակնկալել, որ ոստիկանների գործողությունների վերաբերյալ անաչառ քննություն կիրականացվի, համարժեք պատիժ կնշանակվի, միամտություն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանական բաժանմունքում բռնություն էր գործադրվել, երբ վերջինս փորձել էր իր պաշտպանյալին պաշտպանել խոշտանգումներից։
Հիշեցնենք, որ 2023թ․ հունիսի 7-ին Ոստիկանության բաժանմունքում փաստաբան Կարեն Ալավերդյանը և նրա պաշտպանյալը բռնության են ենթարկվել՝ ոստիկանության ծառայողների կողմից։
Փաստաբանի նկատմամբ նույնիսկ ձեռնաշղթաներ և արցունքաբեր գազ է կիրառվել։ Դեպքի առնչությամբ երկու քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական վարույթներից մեկը վերաբերում է փաստաբանի գործողություններին։ Փաստաբանին և նրա վստահորդին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), վստահորդի եղբայր Ա.Բ.-ին և Հ.Վ.-ին ևս մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մյուս քրեական վարույթը վերաբերում է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելուն։ Նշված վարույթով քննությունն իրականացվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, փաստաբանը տուժող է ճանաչվել ։
Իրավապահները, սակայն, առանձնակի շտապողականություն չեն ցուցաբերում՝ քրեական վարույթներով քննությունն ավարտելու համար, թեև արդեն իսկ ստացված փորձաքննությունների եզրակացություններով, ինչպես հայտնեց փաստաբան Կարեն Ալավերդյանը, փաստացի հաստատվել է, որ արցունքաբեր գազ է կիրառվել, ինչպես նաև, որ ծխախոտով այրել են իր պաշտպանյալի քիթը։
«Ոստիկանության համակարգի նկատմամբ կոնկրետ անաչառ վերաբերմունք ակնկալելն այս պահին միամտություն է։ Դրա համար մեծ պայքար է պետք»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ համակարգն ուղղակի իրենց տակից կփախչի, եթե բռնության համար որևէ ոստիկան այս պահին պատասխանատվության ենթարկվի, ընդ որում, 6-7 տարի ազատազրկում է նախատեսվում նման արարքի համար։
Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների ցուցմունքներին, ապա դրանք հակասական են։ Ոստիկանության ծառայողների հետ առերես հարցաքննություն, թեև կատարվել է, բայց փաստաբանի գնահատմամբ՝ ոչ անհրաժեշտ ծավալով, ձևական բնույթի, ընդ որում, դեպքից ամիսներ անց։