Ռիշի Սունակը դեմ է Գազայ հատվածում հրադադարին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը աջակցում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարին, որը թույլ կտա օգնություն տրամադրել Գազային, սակայն մերժում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում լիակատար զինադադարի կոչերը:
Նա ասել է, որ Իսրայելն իրավունք ունի ռազմական պատասխան տալ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։ Սունակը նշել է, որ բրիտանացի պաշտոնյաները և դաշնակիցները ՄԱԿ-ում քննարկել են «կոնկրետ պաուզաների» հարցը, որը կտարբերվի հրադադարից, որպեսզի թույլատրվի օգնություն տրամադրել Գազայի հատվածին և թույլ տալ բրիտանացի քաղաքացիներին և այլ օտարերկրյա քաղաքացիներին լքել այդ գոտին:
«Ի սկզբանե մենք ասել ենք, որ առաջին և ամենակարևոր սկզբունքն այն է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու միջազգային իրավունքի համաձայն. մեր աջակցությունը այս դիրքորոշմանը բացարձակ է և անսասան: Բայց մենք նաև ի սկզբանե ասել ենք, որ ցանկանում ենք, որ Բրիտանիայի քաղաքացիները կարողանան լքել Գազայի հատվածը, և մենք ցանկանում ենք, որ պատանդներն ազատ արձակվեն և մարդասիրական օգնություն տրամադրվի:
Մենք հասկանում ենք, որ որպեսզի այս ամենը տեղի ունենա, պետք է լինի ավելի անվտանգ միջավայր, որը, ի տարբերություն հրադադարի, բնականաբար որոշակի դադարներ է պահանջում։
«Մենք դա քննարկել ենք գործընկերների հետ անցյալ գիշեր ՄԱԿ-ում, և մենք նաև հետևողականորեն պարզ ենք եղել, որ ամեն ինչ պետք է արվի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան», - ասել է նա: