Ավագանու վաղվա նիստին պոպկորնով եմ հետևելու. Վիկտոր Մնացականյան
Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, նախատեսված է Երեւանի ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում ընտրվելու են փոխքաղաքապետներ:
Հիշեցնենք, որ փոխքաղաքապետների թեկնածուներն են ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Արմեն Փամբուխչյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը եւ «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը:
Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո հրավիրված ավագանու նախկին եւ սպասվելիք նիստերի արդյունքերի, ակնկալիքների մասին ArmLur.am-ը հեռախոսազրույց է ունեցել «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքապետի նախկին թեկնածու, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի հետ:
-Կուզեմ անդրադառնանք ավագանու վաղվա նիստին. տեղյա՞կ եք՝ կոնկրետ ի՞նչ են քննարկելու քաղաքային իշխանությունները վաղվա արտահերթ նիստում, մանրամասներ Ձեզ հայտնի՞ են:
-Գիտեմ, որ փոխքաղաքապետներ եւ վարչական շրջանների ղեկավարներ պիտի ընտրեն:
-Այդուամենայնիվ քանի որ հայտնի է, որ փոխքաղաքապետներ պետք է ընտրվեն եւ վարչական շրջանների ղեկավարներ նշանակվեն, ինչպե՞ս եք գնահատում հայտնի թեկնածուների պոտենցիալը:
-Բոլոր թեկնածուներին, ճիշտն ասած, չգիտեմ: Սարգիս Մադաթյանին անձնապես ճանաչում եմ՝ որպես մարդ, դրական կարծիքի եմ: Նաեւ Արմեն Փամբուխչյանին գիտեմ, որի արժանքիները կարծում եմ առավելապես ընդգծված են: Նա նոր մարդ է, թարմ դեմք է, որը կկարողանա քաղաքացի-ավագանի-քաղաքապետ կապը պահել։ Տեղակալների թեկնածուներից մնացածին չգիտեմ, բայց կարծում եմ նրանցից ու նրանց ղեկավարումից շատ բան է կախված, որովհետեւ քաղաքապետի «մատից փուշ հանողը» հենց նրանք են:
Ցավոք չի կարող լեգիտիմ իշխանություն լինել, եթե 4 փոխքաղաքապետներից 3-ի վրա, եթե չեմ սխալվում քրեական գործ ու ծանր մեղադրանքներ (կոռուպցիա, հովանավորչություն եւ այլն) կան: Եթե չեմ սխալվում քաղաքապետարանի մի քանի վարչության պետերի վրա էլ քրեական գործեր կան։ Այսինքն երեւանցին ո՞նց հավատա: Առանց այդ էլ վստահության խնդիր ունեն, որովհետեւ պատմության մեջ առաջին անգամն է, որ քաղաքապետն ընտրվեց 9% ձայնով, նույնիսկ 10 էլ չկարողացան հավաքել:
Վարչական շրջանի ղեկավարներին էլ չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ եթե վարչական շրջանի լավագույն ղեկավարին էլ բերեն, որը լավագույնս կկատարի իր լիազորությունները՝ միեւնույն է այդ լիազորությունները այնքան աղքատիկ են, որ բացարձակ արդյունքի հասնել չեն կարող հասնել մինչեւ տոտալ ռեֆորմ չարվի:
-Պարոն Մնացականյան, այս ընթացքում մի քանի վարչական շրջանների ղեկավարներ դադարեցրին իրենց գործունեությունը՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված, Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուց հետո, ի՞նչ եք կարծում պատճառը ո՞րն էր: Արդյո՞ք նրանք չէին անում այն ինչ պիտի անեին՝ գնալով իշխանության նախատեսված պլանին կամ հոսանքին հակառակ:
– Ես նույնիսկ չգիտեմ՝ ում են հանել կամ արդյո՞ք հանել են, թե՞ կապված կուսակցական այս հուշագրի կնքման հետ, կադրային փոփոխություն է եղել: Համենայնդեպս ես չգիտեմ այնպիսի դեպք, որ 12 վարչական շրջանի ղեկավարներից գոնե մեկը նկատողություն, բողոք ստանա կամ անվստահություն հայտնեն քաղաքապետը կամ ավագանին: Կարծես բոլորը բոլորից գոհ են այդ նիստերում, բայց գոնե նորերին նշանակելիս էլ հստակ իմանան՝ որին որ արժանիքի համար են նշանակում:
-Պարոն Մնացականյան, անդրադառնալով ավագանու նախորդ նիստին, որի արդյունքում Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ, սպասելի՞ էր Ձեզ համար:
-Ես չգիտեմ ո՞րն է ավելի ամոթ: Այն որ «Դոգի» «Հանրային ձայնն» է «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցում, թե՞ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ «Հանրային ձայնի»: Ինչքան էլ ասում են՝ դա այդպես չէ, միեւնույն է ժողովրդին հիմարի տեղ չեն դնի, պետք է տղամարդկություն ունենալ, խոստովանել ամեն բան: Վատն այն է, որ եւրեւանցին հերթական անգամ խաբվեց:
Կիսաամոթ ավագանու նիստեր են կայանալու: Վաղը նիստ կա. կարծում եմ ադի-բուդին կառնեմ, կնստեմ, կնայեմ ավագանու նիստը ու ինձ նման շատ երեւանցիներ, որովհետեւ վստահաբար շատ հետաքրքիր ու թեժ է անցնելու, բայց արդյո՞ք դրանից Երեւանը կշահի: