Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ. զոհված Գևորգ Արշակյանի մայրը դատավորի թեկնածու է
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Ներկայացված 3 թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու:
Թեկնածուներին ԱԺ նիստում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
Նաիրա Հովսեփյանը, ով 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, ասաց, թե այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը խաղաղությունն է:
«Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ, ամենամեծ խնդիրը խաղաղությունն է, որին հասնելու ճանապարհը մեկն է` ուժեղ պետություն, որը ենթադրում է ուժեղ դատական իշխանություն», - ասաց նա:
Դատավորի թեկնածուն ասաց, թե Հայաստանն իր համար սրբություն է:
«Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը սիրում են այն շենացնելով», - ասաց նա:
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին` Նաիրա Հովսեփյանն ասաց, թե ինքը միշտ հպարտ է քայլել: «Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ։ Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ, սա անհերքելի ապացույց է», - ասաց նա: