ԱՄՆ տասնյակ նահանգներ դատի են տվել Մետային՝ մեղադրելով երիտասարդների շրջանում հոգեկան առողջության ճգնաժամ ստեղծելու մեջ
Facebook-ի և Instagram-ի սոցիալական մեդիա հարթակների մայր ընկերությունը՝ Meta-ն, մեղադրվել է սոցիալական մեդիայի օգտագործման ռիսկերի վերաբերյալ հանրությանը մոլորեցնելու և երիտասարդների շրջանում հոգեկան առողջության ճգնաժամին նպաստելու մեջ, հայտնում է BBC-ն։
Այս պահանջները ներկայացվել են ԱՄՆ տասնյակ նահանգների կողմից հայտարարված դաշնային հայցով:
Հայցում ասվում է, որ ընկերությունը օգտագործել է կախվածություն առաջացնող հատկանիշներ՝ օգտատերերին «ծուղակի մեջ գցելու» համար՝ միաժամանակ թաքցնելով իր հարթակների «զգալի վտանգները»:
Նաև ասվել է, որ ընկերությունը հավաքել է տվյալներ մինչև 13 տարեկան երեխաներից՝ խախտելով Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին օրենքով նախատեսված իր պարտավորությունները:
Ընկերությունն իր հերթին նշել է, որ «հիասթափված է»:
«Մենք հիասթափված ենք, որ ոլորտի ընկերությունների հետ արդյունավետ աշխատելու փոխարեն դեռահասների կողմից օգտագործվող բազմաթիվ հավելվածների համար հստակ, տարիքին համապատասխան չափանիշներ ստեղծելու համար, գլխավոր դատախազներն ընտրել են այս ճանապարհը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ: