«Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է վարկաբեկել Արցախի իշխանություններին, ՌԴ-ին՝ «բոլորը նախկին են» կոդով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուրջ մեկամսյա դադարից հետո ՔՊ-ականները ուրբաթ օրը վարչության նիստ են արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Չնայած որ Արցախը կորսված է, իսկ Հայաստանը՝ նոր պատերազմի շեմին, Փաշինյանի ու ՔՊ-ականների համար առաջնային խնդիր մնում է իշխանության պահպանման հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստում իր թիմակիցներին ասել է, թե հիմա էլ ռուսներն են ուզում իրենից իշխանություն վերցնել, ուստի պետք է իշխանության պահպանման համար կոշտ ու հստակ քայլեր ձեռնարկել: Բանն այն է, որ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ իր իշխանության հակառուսական քայլերն անհետեւանք չեն կարող մնալ, եւ իրենց վարած անկայուն արտաքին քաղաքականության հետեւանքով ՌԴ-ն այլեւս Հայաստանին վստահելի գործընկեր չի համարում, ցանկանում է՝ Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի ունենա:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հրահանգել է առաջին հերթին գործի դնել իրենց հիմնական զենքը, այն է՝ պառակտել եւ խժդժություններ մտցնել հանրության մեջ: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիները շարունակեն այստեղ ակցիաներ իրականացնել, Հայաստանի իշխանություններից եւ իրավապահ մարմիններից իբրեւ արցախցի պահանջեն «թալանչիների» դեմ պայքար սկսել, Արցախի նախկին երեք նախագահներից արդարություն պահանջեն:
Այլ կերպ ասած, Փաշինյանն ամեն գնով ցանկանում է հասնել Արցախի ղեկավարության հեղինակազրկմանը: Առաջնային թիրախում Սամվել Շահրամանյանն է. պետք է ամեն ինչ անել, որպեսզի դժգոհության սլաքները ուղղվեն դեպի Շահրամանյանը: Փաշինյանն այսքանով, սակայն, չի ցանկանում սահմանափակվել: ՔՊ-ականներին նա հրահանգել է, որպեսզի հայ հանրության մեջ խորացնեն հակառուսական տրամադրությունները, ամեն հնարավոր միջոցներով հայտարարեն, թե նախկինները ուզում են հետ գալ Ռուսաստանի օգնությամբ:
Իր այս ծրագրերին հասնելու համար նա հրահանգել է գործի դնել ողջ ռեսուրսները՝ «ֆեյքեր», արեւմտամետներ, պատգամավորներ, ու ցանկացած հարթակով այս թեզերը առաջ տանել: Հիմա էլ արդեն իշխանական պատգամավորները իրենց տրամադրության տակ գտնվող մեդիառեսուրսներով սկսել են աշխատանքները, որին նաեւ Սամվել Բաբայանն է իր փոքրաթիվ թիմով միացել: Տեսնենք՝ ինչ կստացվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում