Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի խորհրդարանի նախագահ Տասուլասն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին։
Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել Կոնստանտինոս Տասուլիսին Հունաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-հունական խորհդարանական շփումները առավել տեսանելի արդյունքներ կարձանագրեն առաջիկա տարիներին։
Ըստ աղբյուրի՝ Կոնստանտինոս Տասուլասը հայտնել է, որ մոտ ապագայում կհրապարակվի երկու պետությունների բարեկամության խորհրդարանական խմբի կազմը, ինչը թույլ կտա վերագործարկել հայ-հունական խորհրդարանական դիվանագիտական ակտիվ շփումները։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հունական համագործակցության ոլորտներին առնչվող հարցեր, ներառյալ քաղաքական երկխոսությունը, պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը, սփյուռքի ոլորտի համակարգողների միջև մշտական շփումներն ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ մակարդակներում (Հայաստան-Հունաստան-Կիպրոս)։
ՀՀ դեսպանը մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի կողմից 2022թ դեկտեմբերին մեկնարկած, իսկ 2023թ․ ապրիլից Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման և էթնիկ զտման ընթացքը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, ավելի քան իննամսյա լիակատար պաշարումից և բնակչությանը սովի մատնելուց հետո, միջազգային մամուլի կամ միջազգային դիտորդների բացակայության պայմաններում սկսվեց էթնիկ զտման ակտիվ, ագրեսիվ փուլը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին՝ ՀՀ դեսպանը մանրամասնել է, որ Հայաստանն այժմ միջազգային գործընկերների աջակցությամբ հասցեագրում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները և հնարավորության սահմաններում դրանց լուծումներ տալիս։
Դեսպանն ընդգծել է, որ արցախահայերի սեփական հայրենիք վերադարձի իրավունքը, միջազգային վստահելի երաշխիքների առկայության դեպքում, պետք է դուրս չմնա միջազգային օրակարգից։
Նշվում է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման նպատակով առաջիկա փոխայցելություններին: