Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարի ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Ս.թ. հոկտեմբերի 24-ին համացանցում լայն շրջանառվում է մեկ լուսանկար, որով ներկայացվում է, թե Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան՝ կաթողիկոս Սբ. Գրիգորիսի տապանաքարն իբրև ոչնչացվել է թշնամու կողմից:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հայտարարում է, որ նշյալ լուսանկարը հին է։ Լուսանկարում երևացող այս տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սակայն այս տապանաքարը 1990թ.-ին ջարդել էին ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, երբ վանքն անցել էր նրանց վերահսկողության տակ: Ամարասի վանական համալիրում 2000թ.-ի սկզբին պատրաստվել է տապանաքարի կրկնօրինակը և դրվել մասունքարանում: Այսպիսով, 2001թ.-ից ի վեր Ամարասում ներկայացված է եղել Սբ. Գրիգորիս կաթողիկոսի երկու տապանաքար՝ 19-րդ դարի վերջին պատրաստված տապանաքարը մշտապես ցուցադրվել է եկեղեցու ներսում՝ մուտքի մոտ, իսկ նոր տապանաքարը տեղադրված է եղել դամբարանում՝ եկեղեցու խորանի տակ:
Ցավոք, «ԼՈՒՅՍ» հիմնադրամը չի բացառում, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող Ամարասի վանական համալիրը, որը հայ պատմիչների վկայությունների համաձայն հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի կողմից և որտեղ 5-րդ դարի սկզբին Սբ. Մեսրոպ Մաշտոցը բացել էր Արցախի առաջին դպրոցը, մոտ ժամանակահատվածում կարող է թշնամու կողմից ենթարկվել պղծման կամ ամբողջական ոչնչացման, ինչպես Արցախի խորհրդանիշ դարձած հայ կրոնական այլ սրբավայրերն ու պատմամշակութային հուշարձանները, որի վառ օրինակը Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է։
Ամարասի վանական համալիրի լիարժեք վերականգնման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019թ. սեպտեմբերին՝ «ԼՈՒՅՍ» հիﬓադրաﬕ կողմից։ Ծրագրի նպատակն էր ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին։ Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն արդեն գտնվում էին ավարտական փուլում և պետք է ամփոփվեին այս տարվա՝ 2023թ. դեկտեմբեր ամսին։ Ընդ որում, Արցախի ու ողջ հայության քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում կանգնած Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները չէին դադարել անգամ Արցախի՝ 10 ամիս շարունակ շրջափակված լինելու պարագայում։
Միաժամանակ ներկայացնում ենք Ամարասի վանական համալիրի ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:30-ին՝ պատերազմի մեկնարկից րոպեներ առաջ արված լուսանկարները։