ԲԴԽ-ն կքննարկի եւս երկու դատավորի պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները
ՀՀ արդարադատության նախարարությունը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին։ ԲԴԽ-ից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթը եղել է փաստաբաններ Նարինե Բեգլարյանի, Սոֆյա Խառատյանի, Մարիամ Սանթրոսյանի հաղորդումը։ Թե ինչ ենթադրյալ խախտման մասին է խոսքը՝ առ այժմ հայտնի չէ։ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։ Միջնորդության քննությունը նախատեսված է հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 14,00-ին։
Նույն օրը ԲԴԽ-ում նախատեսված է նաև մեկ այլ դատավորի՝ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը, այս դեպքում՝ ներկայացված Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը եղել է «Ֆուդո» Հ/Ձ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանի հաղորդումը։