Կովկասում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան
Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում, որտեղ երկուշաբթի տեղի է ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդատվական հարթակի «3+3» նախարարական հանդիպումը։
«Տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը Թուրքիայի ԱԳՆ-ն։
Նախարարը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին։ «Թուրքիան տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կողմնակից է՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար», - ասել է Ֆիդանը, մատնանշելով 3+3 պլատֆորմի կարևորությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու տարածաշրջանի երկրների իրենց խնդիրները «լուծելու» կարողությունը։