Փաշինյանը Իրանի ճանշին նախարարի հետ քննարկել է ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը ողջունել է իրանական պատվիրակության արդյունավետ այցը Հայաստան, որի շրջանակում ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն երկու երկրների միջև մինչ այժմ իրականացված խոշորագույն ծրագրերից մեկն է լինելու: Վարչապետը հույս է հայտնել, որ երկկողմ նախագծերի ծավալները շարունակաբար կընդլայնվեն: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է կապիտալ խոշոր ծրագրեր և դրանց կյանքի կոչման գործում հայկական կողմը շահագրգիռ է համագործակցել իրանական ընկերությունների հետ:
Մեհրդադ Բազրփաշը նշել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնելու է իրանական խոշոր ընկերություններից մեկը և վստահություն հայտնել, որ ծրագիրը կիրականացվի որակով և ժամանակին: Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի խոսքով` իրանական այլ ընկերություններ ևս պատրաստ են ներգրավվել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում: Միաժամանակ նա նշել է, որ իրանական կողմն իր հերթին շահագրգիռ է երկրում բնակարանաշինության խոշորածավալ ծրագրերում հայկական ընկերությունների ներգրավմամբ: Մեհրդադ Բազրփաշը համոզմունք է հայտնել, որ Հյուսիս-հարավ տարանցիկ ավտոմայրուղու կառուցումը կնպաստի տարածաշրջանային բեռնափոխադրումների ծավալների ընդլայնմանն ու տնտեսական կապերի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: