«Չի կարելի է ասել, որ անվտանգային հարցեր չկան». Քերոբյանը՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի մասին
Չի կարելի ասել, որ «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի անվտանգության հետ կապված մտահոգություններ չկան, բայց ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` դա ընդհանուր աշխարհաքաղաքական վիճակի հարց է։
«Կարծում եմ` այսօր անվտանգության հարցերն ամբողջ աշխարհում շատ բարձր զգայունություն ունեն, ոչ մի կերպ չի կարելի է ասել, որ անվտանգային հարցեր չկան, բայց միաժամանակ թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը հստակ նվիրվածություն ունեն այս ծրագրի իրականացման ուղղությամբ, և Իրանը միշտ էլ միանշանակորեն հայտնել է իր անվերապահ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ»,– Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց նախարարը։
Նա նշել է, որ այսօր աշխարհը բավականին «տաք» վիճակում է, տարբեր կոնֆլիկտներ կան ու հակամարտության սրացումներ։ Ինչ վերաբերում է «Հյուսիս–հարավի» կոնկրետ ճանապարհահատվածի անվտանգությանը, Քերոբյանը ճիշտ չի համարում հատուկ առանձնացում անելը։
Հիշեցնենք, որ այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության միջև կնքվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 4–րդ տրանշի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։