Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ուժեղացնել օդանավակայանների եւ կայարանների անվտանգությունը
Ֆրանսիայի իշխանությունները կուժեղացնեն օդանավակայանների եւ կայարանների անվտանգության միջոցները՝ կապված տեղադրված ռումբերի մասին հաճախակի դարձած տեղեկությունների հետ։ Պարեկների թիվը Փարիզում կավելանա 40 տոկոսով, SNCF ընկերության երկաթուղային կայարանների անձնակազմը՝ 20 տոկոսով, հայտարարել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի նախարար-պատվիրակ Քլեման Բոնը France Inter ռադիոկայանի եթերում։
Կեղծ ռումբերի մասին տեղեկությունները «լուրջ հանցագործություններ» են եւ կհետաքննվեն, ընդգծել է Բոնը։
Հոկտեմբերի 13-ից Ֆրանսիան հնարավոր գրոհների դեմ «արտակարգ պատրաստվածության» վիճակում է այն բանից հետո, երբ 20-ամյա չեչենը մահացու վիրավորել էր դպրոցի ուսուցչին Արաս քաղաքում։ Ավելի ուշ հաճախակի դարձան կեղծ տեղեկությունները տրանսպորտային ցանցի օբյեկտների, դպրոցների եւ մշակութային կենտրոնների ականապատման մասին, տեղեկացրել է DW-ն։
Հոկտեմբերի 22-ին Փարիզի մոտ, Վերսալի պալատում տարհանել են հյուրերին վերջին ութ օրվա ընթացքում արդեն յոթերորդ անգամ։ Վերսալը նորից բացվել է ստուգումից երկու ժամ հետո։ Մինչ այդ Լուվրն էր նույն պատճառով տարհանել 3 հազար այցելուի՝ ռումբի մասին տեղեկությունն ստանալուց հետո։
Քլեման Բոնի տվյալներով՝ հոկտեմբերի 11-ից Ֆրանսիայի օդանավակայաններում գրանցվել է 70 կեղծ տեղեկություն ռումբերի տեղակայման մասին, դրանք բոլորն ուղարկվել են նույն էլեկտրոնային հասցեից, որը գտնվում է Շվեյցարիայում։ Նման գործողությունների համար Ֆրանսիայի օրենսդրությունը նախատեսում է պատիժ՝ երկու տարի ազատազրկում եւ 30 000 եվրո տուգանք։ Եթե նախազգուշացումը սպառնալիք է պարունակում, ժամկետը կարող է հասցվել երեք տարվա, տուգանքը՝ 45 հազար եվրոյի։