Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայկական կողմի հրավերով Երևանում է
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով մեկօրյա այցով Երևան է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։
Այցի ընթացքում քննարկվելու են իրանական ավիաընկերությունների համար լիցենզիաներ տրամադրելու, ճանապարհային վճարների վերացման, Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում համագործակցության խթանման հարցեր։
Մեհրդադ Բազրփաշը կմասնակցի Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մաս կազմող Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման պայմանագրի ստորագրման արարողությանը։
Հաղորդվում է, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։