ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք ֆինանսական աջակցության նոր ծրագիր. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշել է. «Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:
Այսօր Հումանիտար կենտրոնի ժամը 16:00 եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ:
Հ.Գ. Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն: Կառավարությունն, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում եւս կաջակցի նրանց: