Աբդոլահիան․ Գազայում պատերազմի շարունակման ցանկացած սխալ հաշվարկ կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանում
Այս պատերազմի շարունակման, ցեղասպանության և Գազայի և Արևմտյան ափիի բնակիչների բռնի տեղահանման ցանկացած սխալ կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտգործնախարար Գրեյս Նալեդի Մանդիսայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։
Ըստ իրանցի դիվանագետի, այսօր տարածաշրջանը նման է վառոդի տակառի։
«Ուզում եմ զգուշացնել ԱՄՆ-ին և նրա վստահված անձին՝ կեղծ իսրայելական ռեժիմին, որ եթե նրանք անհապաղ չդադարեցնեն մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը Գազայում, տարածաշրջանը դուրս կգա վերահսկողությունից», - ասել է նա:
«Այն, ինչ մենք տեսանք այսօր Գազայում, դա կեղծ իսրայելական ռեժիմի միջնորդավորված պատերազմն է», - ասել է Իրանի արտգործնախարարը՝ հավելելով, որ «ռեժիմն այս պատերազմը մղում է ճնշված ազգի և պաղեստինցի քաղաքացիական բնակչության դեմ ԱՄՆ-ի անունից»։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Թել Ավիվ՝ նա ասել է, որ Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ հարյուրավոր ինքնաթիռներ, նավեր և զենքով բեռնված բեռնատարներ կուղարկի՝ «ի աջակցություն Գազայում Իսրայելի կողմից իրականացվող սպանությունների և կոտորածների»:
Նա նաև բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերը՝ հումանիտար օգնություն ուղարկելու և «Գազայում խաղաղ բնակիչների սպանությունը կանխելու համար»:
Ըստ Աբդոլահիանի, «առաջիկա ժամերին և օրերին արաբական և իսլամական երկրներն ավելի համաձայնեցված դիրքորոշում կընդունեն տարածաշրջանում իսրայելական այս ռազմական հանցագործությանը դիմակայելու հարցում»: