Այսօր Կոմիտասի հիշատակի օրն է
Կոմիտասը բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ է: Հստակ ժամանակագրություն, թե որ բանաստեղծությունը երբ է գրված, չկա: Ենթադրվում է, որ բանաստեղծությունները գրված են 1905-1914 թթ. միջակայքում: Նրա բանաստեղծությունները կենդանության օրոք չեն տպագրվել: Միայն մահվան 100-րդ տարելիցին (1969) հրատարակվեց նրա բանաստեղծությունների ժողովածուն: Յուրաքանչյուր բանաստեղծություն ունի իր ստեղծման պատմությունը: Ստորեւ կներկայացնենք «Մեր հայ գավառն է խավար» բանաստեղծության ստեղծման պատմությունը: Այս պատմությունը տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվից է եւ հրապարակվում է առաջին անգամ:
1906 թ. ապրիլի 15-ին հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի եւ եգիպտահայ համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ Կահիրեում հիմնվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ): ՀԲԸՄ-ի ստեղծման հիմնական նպատակն էր նպաստել, որ հայ ժողովուրդը, մասնավորապես՝ հայ գյուղացին, Օսմանյան կայսրությունում մնա իր հողին:
1906-1912 թթ ՀԲԸՄ-ն արեւմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով, խորհրդատվությամբ եւ այլն:
1912 թվականի հունվարին Կահիրեում լույս է տեսնում ՀԲԸՄ-ի պաշտոնաթերթը՝ «Միություն» անվանումով՝ իբրեւ նշանաբան ունենալով «Միությունը զորություն է» կարգախոսը: Թերթում մեծ տեղ էր տրվում գյուղացիներին գյուղատնտեսության ու անասնապահության հմտություններ փոխանցելուն, ինչպես նաեւ մանրամասն ներկայացվում էր նվիրատվություն կատարած անձանց ցանկը եւ կատարած նվիրատվության չափը:
Հայ արվեստի պատմության մեջ դժվար է գտնել այնպիսի գործչի, որի կերպարով ներշնչված լինեն դարի գրեթե բոլոր գրողներն ու բանաստեղծները։ Թերևս, այդ երանելիներից է հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասը։ Նրա մասին գրվել են թե՛ փոքրիկ բանաստեղծություններ, թե՛ պոեմներ ու ծավալուն երկեր։
20-րդ դարի հայ գրականության մեջ Կոմիտասին նվիրված առաջին խոշոր ստեղծագործություններից է Եղիշե Չարենցի «Reqiem aeternam»-ը (Կոմիտասի հիշատակին)։ 1936 թվականին, երբ մեծ երաժշտի աճյունը տեղափոխվեց Երևան և իր վերջին հանգրվանը գտավ պանթեոնում, վառ տպավորությունների ազդեցության ներքո Չարենցը ստեղծեց այդ հուզիչ կտավը։ Վերջինիս կուլմինացիոն տողերը նվիրված են մեծն Կոմիտասի հետմահու «վերադարձին»։
Արդյո՞ք կարող էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած...
Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան -
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դեմ երգաձայն, -
Սիրտն ու հոգին իմ ահա
Նույն ափսոսանքն են հորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն...Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար -
Դարձած մոխիր կենսաբեր,
Դարձած ավյուն, դարձած քար։ -
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն -
Եվ հայրենի՜ դարձած հող...
Կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հիասքանչ ստեղծագործություն է գրել հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։
1956 թվականին ծնվում է բանաստեղծության այն հատվածը, որն հետագայում դառնում է հանրահայտ «Անլռելի զանգակատան» բնաբանը։ 1959-ին՝ Կոմիտասին նվիրված առաջին բանաստեղծության ստեղծումից 10 տարի անց, Պ.Սևակն ավարտում է վերը նշված իր գլուխգործոցը, որն այսօր էլ համարվում է Կոմիտասին նվիրված ամենավառ գործերից մեկը։ «Անլռելի զանգակատունը» բաժանվում է ղողանջների. առաջինը կոչվում է «Ղողանջ Ավետիսի».
Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, -
Դժվար է ասել...
Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։
Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
Նրա տուն մտան՝ աչքալուսանքի։
Մի հատված էլ «Ղողանջ Օծման»-ից.
Եվ որտեղ երգն էր՝
Այնտեղ էլ նա էր...
... Ուրա՞խ է կյանքը,
Տխու՞ր, դաժա՞ն է,
Միշտ ժողովրդից երգն անբաժան է...
Ու չար թե բարի այդ ճանապարհին
Ե՛վս տասներկու բոլորակ տարի
Ճեմարանի մեջ եկավ ու անցավ,
Ու Սողոմոնը... Կոմիտաս դարձավ՝
Ի խոր հարգանքս
Այն հոգեզվարթ կաթողիկոսի,
Որ տասներկու դար դրանից առաջ
Ապագա հունձի հունդերը ցրած՝
Ծիրը բաց արեց
Հայոց մեղեդու անթաղ ակոսի։
Նա բանաստեղծ էր
Ու երգաստեղծ էր
Նա ուներ վառ ձայն
Ու նվագման ձիրք...
Եվ սակայն ոչ ոք
Հայոց հինավուրց կաթողիկոսի անունը երբեք
Ո՛չ ստացել էր որպես թանկ ընծա,
Ո՛չ էլ գողացել։
Եվ հիմա - հանկա՜րծ - հայոց նորընծա
Երկրո՛րդ Կոմիտաս,
Որ Հայրապետի
Անվանը պիտի
Ամենայն ինչում
Տա նո՛ր մի հնչում,
Սուրբ հիշատակը մշտավառ պահի։
Գերմանիայում սովորելու տարիները ներկայացված են «Ղողանջ Պանդխտական»-ում։
Հայ դասատուներն իրենք են զգում,
Որ ջահել սանի առաջմղումից
Հոգնում կես ճամփին ու ետ են մնում։
Եվ Կոմիտասը Բեռլին է գնում։
Ու գերմանական քաղաքում խոժոռ
Ինչ-որ վանական՝
Աչքերը խոշոր,
Դեմքը՝ բանական,
Քայլքն՝ անբնական,
Պաղ անցորդների հայացքն է անվերջ վրան սևեռում,
Մինչ մոլեռանդի նայվածքը նրա՝
Որքան ներհայաց - նույնքան բևեռուն,
Չի մեխվում սրա կամ նրա վրա,
Այլ պեղում կարծես անծանոթ հեռուն... Ժամեր շարունակ մենակ ու մենիկ,
Եվ համբերությամբ մի անհատնելի
Խեղդելով հոգու ներհակությունը՝
Պաղ ստեղներին հաղորդում էր նա
Իր ամենազգա ու ջերմ մատների
Սրսփումն այրող ու տաքությունը։
Նրա վեղարի թողած ստվերը
Ժամեր շարունակ անվերջ ընկնելով
Ֆիզհարմոնիայի սևափայլ ներկին՝
Մթագնում էր այն կրկին ու կրկին։
Գոթական ոճի գրադարանում
Նա, աղեղի պես, անշարժ կորանում
Եվ ամե՜ն ինչ էր շուրջը մոռանում...
«Ղողանջ Նախճիրի»-ն եւ «Ղողանջ Եղեռնական»-ը դրամատուրգիական տեսանկյունից պոեմի ամենախորը և հզոր մասերն են։ Այստեղ բացահայտվում է հրեշավոր Եղեռնի համազգային թեման։ Այս մասերում կենտրոնացած են Կոմիտասի երգերից ու բանաստեղծություններից վերցված մեջբերումները.
- Ո՛վ արդարություն,
Թող որ ես թքեմ ճակատին քո բաց, -
Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ հանճարներից,
Գոչել ո՛չ հիմա,
Այնժամ էր գոչել,
Երբ խուժանն այս նույն
Արյունով հարբած գազանի նման
Դրդվելով միայն վայրենուն հայտնի իր պատճառներից,
Որերո՜րդ անգամ մոխիր էր թողնում
Մեր արտ ու այգուց, մեր տաճարներից։
Եվ հիմա՛,
Հիմա՜,
Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջա՛րդ չէր,
Այլ մա՜հ՝
Մահ համատարա՛ծ և համազգայի՛ն,
Մահ ծերի՛,
Մանկա՛ն,
Խեղճի՛,
Հսկայի՛,Երբ մահվան մրրիկ,
Երբ մահվան բուք էր, -
Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը,
Որ արդարության ճակատը փակեր։
Ա՜խ, չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը։
Էլ ինչպե՞ս թքել,
Եվ այդ ո՞վ թքեր,
Թե հայոց երկրում էլ մարդ չէր մնում,
Բովանդակ մի ազգ թե կուլ էր գնում
Թուրք յաթաղանի պաղբոց պողպատին,
Հայոց հայալիք Տիգրիս-Եփրատին,
Սև արաբների շեկ անապատին՝
Օ՜րը ցերեկով,
Ոչ թե աննկատ։
Եվ ունեցե՞լ էր արդարությունը երբևէ ճակատ։
Օ, ո՛չ, նա ուներ միմիայն քամա՜կ,
Քամա՛կ մի խելոք,
Որ շուռ էր տվել մի բնաջնջվող հինավուրց ազգի՝
Նախապես նրան զրկելով զարկող ու փրկող բազկից...
... Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռա՜վ, այլ... մահացա՚վ.
- Գարուն ա, ձուն ա արել...
Գարուն էր։ Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ,
Իսկ հայը զրկվեց ձագից,
Իր պոռթկան թոնրի տաքից,
Իր մորից, հորից, յարից,
Իր բնից ու աշխարհից.
- Գարուն ա, ձուն ա արել...
... Ա՜խ, ինչպե՞ս, ո՛նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի,
- Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա...
Գառնարած-հովիվ-նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից...
Կեսօրին էլ ո՞վ երգեր.
- Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում...
Երկրի մեջ մարդ չմնաց՝
Մարդ թաղեր մարդու նման...
Ա՜խ, մնար մե՛կը գոնե
Ու կանչեր,
- Դլե յամա՜ն...
«Ղողանջ Եղեռնական»-ին հաջորդում է «Ղողանջ Աքսորի»-ն.
Իզո՜ւր աստծուն պաղատեցին...
Ալա՛ն-թալա՛ն,
Կեռ յաթաղան...
Ում որ պետք էր՝ փողոտեցին,
Գազանաբար ճղոտեցին,
Խողխողեցին սրածելով.
Քարափներից ջուրն ածելով՝
Դիակներով խեղդվողների
Ծանրացրին հոսք ու հոսանք.
Չհարցնելով մանուկ ու ծեր...
Իզո՜ւր աստծուն աղաչեցին...
Թե բյուրերով հայ խաչեցին,
Հազարավոր այր ու կանանց
Անդող ձեռքով տեղահանած՝
Քշեցին... ուր՞,
Դեպի Դեր-Զոր։
Մերկ ու բոբիկ, խեղճ ու անզոր՝
Անցան նրանք ավազներով արաբական անապատի,
Մի շիրմուղի, ուր ամեն քայլ դիակներով ուղենշվեց,
Եվ նորացավ նո՛ր Գողգոթան՝
Ահագնացած տասնապատի՜կ...
Մեր փրկության աղաղակներն անցան իզուր,
Իզո՜ւր հնչեց ողջ աշխարհով մի ահազանգ,
Որ լոկ դարձավ, վերջ ի վերջո, թառանչ մի սուր.
- Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք...
Եվ... ծաղկաբույր գիշերվա մեջ
Հեռուներից մոտենալով
Գաղտագողի-ծածուկ-անտես՝
Խորշակը նույն,
Որ շատ շուտով պիտի տաներ միլիոն հայեր,
Խորշակը նույն անցավ նաև
Պոլսո բոլո՜ր հայ թաղերով՝
Իր հրեղեն ոտների տակ
Խաշխշելով ու թաղելով
Վերջին հույսի շունչը մեր տաք...
Ահե՜ղ գիշեր,
Որ բորբ ներկվեց ո՛չ արևով,
Այլ մեր արյա՜մբ,
Ու կողոպտեց խորանները հայ կաճառի,
Խորանները հայ դպրության սուրբ տաճարի,
Բոլոր ճյուղերը կտրատեց
Հայ հանճարի
Ծաղկուն ծառի,
Ու մատյանից հայ մեղեդու
Ամենավա՛ռ էջը հատեց...
«Ղողանջ Մթագնումի»-ի եւ «Ղողանջ Ցնորման»-ի մեջ նկարագրվում է աքսորից վերադարձած Կոմիտասի հոգեվիճակը, նրա դաժան հիվանդությունը...
Ինչ է դաշնամուր և ինչ է ստեղ՝
Մոռացա՜ն նրա ճարտար մատերը...
Ինքը Բանկալթու իր տան մեջ, այստե՛ղ,
Եվ Չանկրի բանտի պատերը
Արդեն նրանից շատ-շատ են հեռու,
Բայց ուղեղի մեջ... բայց ուղեղի մեջ,
Կարծես թե կպած նրա թաղանթից՝
Մթան մի քուլա եռու՛մ էր-եռո՜ւմ,
Մերթ իբրև ինչ-որ անմարմին զեռուն,
Մերթ իբրև ջրի խաշող գոլորշի, -
Պտույտ էր տալիս ծանր ու բոլորշի,
Պտույտ էր տալիս
Ու պոկ չէր գալիս...
Եվ պատկերներից այս ահազարհուր, բայց և իրական,
Նախ ցնորվեցին աչքե՛րը նրա
Եվ ապա մի՛տքը, մի՜տքը տիրական...
Վայրի աղմուկի,
Խոլ աղաղակի,
Ժխորի տեղակ
Մի գերեզմանվող լռություն տիրեց նրա հոգու մեջ, -
Գլուխը նրա,
Որ մի երկնային լուսատու էր ցարդ,
Հիմա փոխարկվեց մի մոլորակի.
Նույնն էր արտաքուստ,
Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս էր նույնը,
Եթե լուսատուն... էլ լո՜ւյս չէր տալիս...
... Ով մազապուրծ էր մահից, Վարդապե՛տ,
Քեզ կորցնելու ցավից ահավոր
Աչքերս լիքը լաց ա... մրմնջաց,
Առանց խոսքերի և անեղանակ
Էրվում եմ, էրվում այրվելով երգեց,
Սակայն... անօգո՜ւտ։
Պոեմի լավատեսական ֆինալում Կոմիտասի կերպարը ներկայացվում է այնպես, ինչպես նրան պատկերացնում էր բանաստեղծը։ Ստորև բերվող հատվածը «Ղողանջ Թաղման եւ Հարության»-ից է.
... Երբ սկսեց աճյունն իջնել
Շիրիմ կոչված այն փոսի մեջ,
Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,
Նույն այդ պահին հայ երկնքից
Հանկարծակի անձրև՜ տեղաց.
Զարմանալի զուգադիպո՞ւմ,
Թե՞ իսկապես երկինքն անգամ
Ողբում էր քեզ՝
Խաղա՜ղ-տրտո՜ւմ-հանգստարա՜ր իր անձրևով...
.. Այդ վայրկյանին ո՞վ չլսեց,
Որ բովանդակ աշխարհով մեկ
Փռված բոլոր եկեղեցիք հայահավատ
Իրենց բոլոր զանգակներով ու զանգերով
Դեպի երկինք ղողանջեցին.
- Դռներդ բա՜ց...
Եվ հայկական տաճարների բյուր բեմերից
Կոմիտասյան Պատարագ-ով
Ժամերգեցին քե՜զ, Կոմիտա՛ս։
- Երբեմն էի լոյս, և այժմ
Խավար եմ եւ ստվեր մահու...
Ո՛չ, այս անգամ սխալվեցի՜ր, պատարագի՛չ,
Նա լույս էր վառ ու լույս է արդ,
Ու կմնա միշտ լույս զվարթ,
Լույս՝ աչքերում հայ մանուկի,
Լույս՝ մտքի մեջ հայ պարմանու,
Հայ հարսների պտղած ծոցում,
Հայ թոռնօրոր նանիների
Ինքնամոռաց ժպիտի մեջ, -
Հայ այրերի ու հայ կանանց
Ջերմ սրտերում սիրատրոփ։
.. Օրհնեա՜լ ես դու,
Եվ չես թաղվում ու հող դառնում,
Այլ թաղվելիս հարությո՜ւն ես կրկին առնում...
- Օրհնեա՛լ ես դու,
Գա՜ռն աստուծոյ...
... Դո՜ւ - Վարդապե՞տ։
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի։
Հայոց երգի
Անծիր հերկի
Ե՛վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե՛վ մատնընտիր սերմը նրա,
Ե՛վ խոստումը գալիք բերքի...
Եվ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկվել է եւ բար տվել,
Ու... մեր դարդը իրար տվել...
.... Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
Ու բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա՛զը-նոտա՛ն-ձայնատա՛ռը,
Ձայնասփյո՜ւռը կենդանի
Ու ձայների թանգարա՛նը, -
Մեր հայկական երգարա՜նը...
... Եվ մեզանից արդ ընդունիր
Երախտիքի այս խաչբո՜ւռը,
Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի։
Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի
Մշտահնչուն նվագարան.
Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր
Մասունքների հավաքարա՜ր.
Դու՝ խազերի մեր քերական,
Դու՝ հոգեւոր մեր շարական.
Դու՝ սրբազան մի ավազան,
Որ մեր հոգին ախտահանեց.
Դու՝ բիբլիական մի գավազան,
Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
Մեր տաղի քուրմ,
Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատո՜ւն...
«Անլռելի զանգակատան» ստեղծումից հետո գրվեցին բազմաթիվ բանաստեղծություններ։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Կոմիտասի ժամանակակիցների ստեղծած գործերը։ Նրանց հետ կոմպոզիտորը գտնվել է անմիջական շփման մեջ։ Օրինակ, Ազատ Վշտունու «Կոմիտասին», արևմտահայ պոետ Վահան Թեքեյանի «Կոմիտաս վարդապետ» բանաստեղծությունները։ Ստորև բերվում է հատված Ազատ Վշտունու «Կոմիտասին»-ից.
Քանի որ կա հայրենի հող,
Քանի որ կա արվեստ վսեմ,
Դու կմնաս սրտեր գերող,
Կապրես դու միշտ, քեզ կլսեն...
Կոմիտասի կերպարով ներշնչվել է նաև Գուրգեն Մահարին («Կոմիտաս», «Երգ»).
Նրա համար ես
Աղոթում եմ,
Մինչև լույսերը
Աղոտում են։
Եվ աստղերը, որոնք
Մշտարթուն են,
Իմ աղոթքի վրա
Մեղմ թարթում են։
Օգնիր նրան, - ասում եմ, -
Նա ցրտումն է,
Նա արև է երազում,
Նա տրտում է...
Հեռու լուսե իմ երկրից
Մութ վանդակում,
Մեռնու՛մ է նա աներգ
Ու բանդագուշ...
Կարճ էպիկական պատմվածքի ձևով են գրված Սարմենի երկու բանաստեղծությունները։ Դրանցից առաջինը ստեղծվել է 1932 թվականին և նվիրված է կոմիտասյան գործունեության լուսավոր էջերին.
Լսում եմ ահա մի հոգեզմայլ,
Մի չնաշխարհիկ, մեղմիկ եղանակ,
Գուցե երգում է հեզահամբույր մայր,
Կամ սիրատոչոր, սրտահույզ սոխակ։
Սարի հովե՞րն են այդպես մրմնջում,
Թե՞ սվսվում է արտն ալեծածան,
Մեծ քարավանի զանգե՞րն են հնչում,
Թե՞ մորմոքում է աշունը դեղձան։
... Մաճկա՞լն է լարել անուշ հորովել,
Հովվի շվի՞ն է մրմունջով երգում,
Աղջի՞կն է գուցե յարից խռովել,
Այդպես սրտակեզ լալիս, հեկեկում։
Այդ Կոմիտասն է, որ հնչում է հար
Ե՛վ կախարդական, և՛ վառ, և՛ նրբին...
Դու կապրես, երկրիս մեծ սրնգահար,
Քանի երկնքում կշողա արփին։
Երկրորդ բանաստեղծությունը՝ «Կոմիտասի շիրմի առաջը», ինքնատիպ «տապանագիր» է՝ համակված թախծով եւ հավատով։
Ու, քանի կա հողը հայոց, պիտի հնչի երգը քո
Որպես գարնան հրեղեն կանչ, մեր ե՛րգ-երգո՜ց Կոմիտաս։
Կոմիտասին նվիրված քնարերգության վառ օրինակ է 1940-1950-ական թվականներին գրված Գևորգ Էմինի բանաստեղծությունների ցիկլը («Երգեր, գրված Լոռու Լեռներում», «Կոմիտասին», «Կոմիտասն աքսորի ճամփին»)։ Ահա ամենահայտնի տողերը, որոնք թեւավոր խոսքի նշանակություն են ձեռք բերել.
Մինչ Էջմիածնի դուռն էր ծեծում
Ժողովուրդը՝ երգը շուրթին,
Լոկ դո՛ւ գտար միակ աստծուն՝
Ուխտ գնալով... ժողովրդի՛ն։
Հատուկ ուշադրության է արժանի Շերամի «Կոմիտասի հիշատակին» երգ-բանաստեղծությունը՝ գրված 1935 թվականի հոկտեմբերի 26-ին։ Դա առաջին գրավոր «արձագանքն» է մեծ կոմպոզիտորի մահվան կապակցությամբ։ Այս ստեղծագործության մեջ ակներև է կորստի աննկարագրելի ցավը.
Թեպետ մարմինդ կորավ,
Բայց թողիր մեզ խոշոր գանձ,
Թե քնարդ կոտորավ,
Լարդ մնաց վեհապանծ...
Շերամս ցավ զգացի
Սրտիս խորքում դառնագին,
Երբ դառ գույժդ լսեցի,
Այրվեց իմ սիրտն ու հոգին։
Ավելի ուշ շրջանին են վերաբերում Համո Սահյանի «Կոմիտաս», Սիլվա Կապուտիկյանի «Էրվում եմ, էրվում» և «Մտորումներ ճանապարհի կեսին», Հովհաննես Շիրազի «Կոմիտաս», Վահագն Դավթյանի «Բալլադ Կոմիտասի մասին», Մառի Աթմաճյանի «Կոմիտաս վարդապետ», Աշոտ Գրաշու «Կոմիտասի սրինգը», Մարտիրոս Վեսպերի «Սոնետ հիացման», Արման Կոթիկյանի «Կոմիտաս», Աղավնու «Երեք երգ Կոմիտասին», Միքայել Հարությունյանի «Կոմիտասյան երգեր», Արտաշես Պողոսյանի «Կոմիտասյան Երգ», Վահագն Կարենցի «Կոմիտաս», Աթանես Սենալի «Կոմիտասին», Գարիկ Բանդուրյանի «Կոմիտաս» եւ «Ողջակիզվող հոգին», Արմինե Ավդալի «Կոմիտասին», Լյուդվիգ Դուրյանի «Կոմիտասին», Վահան Դաքեսյանի «Թարմ հացն ես դու մեր հոգու», Ժիրայր Ավետիսյանի «Կոմիտաս», Վաչագան Հովհաննիսյանի «Կոմիտաս», Ալեք Խաչունցի «Կոմիտաս» եւ այլոց ստեղծագործությունները։ Ստորև բերված են հատվածներ մի քանի բանաստեղծություններից.
Քո երգերի մեջ գութանի վար է,
Ծիրանի ծառ է ու խնկի ծառ,
Սիրավոր լոր է ու Սոնա յար է,
Թուխ այտի խալ է ու ծնկի ծալ։
Մոր լցված աչքը որդու գալուն է,
Շեմքի քարին է զրկված հարկի, -
Ամպոտ երկինք է, ձյունոտ գարուն է,
Կուց-կուց արուն է որոր հավքի...
(Համո Սահյան)
Երգեցեք երգե՜րն հայր Կոմիտասի,
Երգեր հայրենի, սիրո ու հացի,
Երգեցեք այնպես, որ աշխարհն արար
Խոնարհի՜ գլուխն իր որդիաբար.
Նրա հանճարի դեմն արարչափայլ...
(Մարտիրոս Վեսպեր)
Կոմիտաս, ինչպես սիրածից, քո երգից ես չեմ կշտանում,
Թվում է իմ Արագածի հեռավոր հովերն են գալիս, -
Թվում է դեռ պանդուխտ եմ ես ու երգդ ինձ տուն է տանում,
Ու դեմից Սեւանն է կանչում, կարոտած իմ յարն է լալիս...
Դու մեր հին վշտերի մորմոք, մեր սիրո ծիրանի դու ծով,
Կոմիտաս, թե մթին հեռվում հալվի էլ Մասիսն իմ անհետ,
Դու նորից Մասիս կմնաս մեր երգի նուրբ շշնջոցով,
Աշխարհի ծովերը մտած դու հայոց մայր մրմունջի գետ։
(Հովհաննես Շիրազ)
Ո՞վ է նստել ունկնդրում ընկուզենու ծառի տակ,
Աչքերում վիշտ ու երազ.
- Ձա՛յն տուր, Հանճար տառապյալ, եղերական նահատակ,
Ձայն տուր, անմահ Կոմիտաս...
(Արման Կոթիկյան)
«Երկինքն ամպել է, գետինը թաց է»...
Անձրև՞ն է երգում, թե՞ քնարը քո,
Քնարիդ երգով իջավ երեկոն,
Ու երգիդ առաջ իմ սիրտը բաց է։
Դու ի՞նչ կանեիր էլ ուրիշ քնար,
Երբ սրտիդ առած սիրտն իմ աշխարհի
Խոսում ես այնքան, այնքան քնքշաբար,
Որ քնքշանում է և սիրտը քարի։
(Աղավնի)
... Ով լսել է քեզ՝ սիրել է սրտանց,
Հռչակվել ես հար արար աշխարհում,
Երգդ կյանքի պես՝ հավերժ ու անանց,
Հավերժ սիրելի, հավերժ հմայուն։
... Երգդ, Կոմիտաս, անհուն է և խոր,
Մարդ չի կշտանում քո հնչյուններից,
Երգդ բխել է մեր աշխատավոր
Հոգու խորքերից, սրտի խորքերից...
(Արմինե Ավդալ)
Կենաց երգն իր պահած անեղծ ու բորբոքուն՝
Քո անտունին գալիս է տուն,
Տուն են գալիս կռունկներդ երամ-երամ,
Դեպ հողն հայոց արևահամ...
Ավա՜ղ, որքան երգ ու վերքեր տարար քեզ հետ՝
Անվերադարձ, անխոս, անհետ,
Որքա՜ն սրտեր ու երազներ առար, տարար՝
Անքուն, անտուն, անմխիթար...
Բայց և եղար անձեռակերտ կնիքն անեղ՝
Հայոց հոգու երգը անմեղ
Ու զորավիգ եղար հային ամենազոր,
Ո՜վ մեծասքանչ երախտավոր...
(Վաչագան Հովհաննիսյան)
Կոմիտասին նվիրված խոշոր ստեղծագործություն է Լևոն Միրիջանյանի «Երգի Հովիվը» պոեմը։ Եղիշե Չարենցի եւ Պարույր Սևակի մոնումենտալ բանաստեղծական կտավներից հետո, այն, հիրավի, համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենավառ ստեղծագործություններից մեկը՝ նվիրված մեծ կոմպոզիտորին։ Նախաբանը սկսվում է հեղինակի հետևյալ խոսքերով.
«Այն մարդու հիշատակին, ով սիրում էր իրեն կոչել՝
Հայր Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան՝ Կուտինայից,
Ով դարձավ երգի առաքյալն ու հովիվը.
Նրա ծննդյան առաջին 100-ամյակին»։
Սևակի նման, հաջորդաբար թերթելով վարդապետի կյանքի պատմության էջերը, Միրիջանյանը պոեմը բաժանում է մասերի՝ տալով նրանց սիմվոլիկ անվանումներ։ Թեպետ ստեղծագործության յուրաքանչյուր հատված պատկերում է երաժշտի կյանքի և գործունեության որոշակի ասպեկտ, այնուամենայնիվ, դրանք բոլորն էլ սկսվում են նույն բառերով՝ «հոտը շարժվում էր դեպի սարերը...»։ Կարմիր թելի պես այս խոսքերն անցնում են ողջ ստեղծագործության միջով՝ ընդգծելով պոեմի հիմնական միտքը՝ դարեր շարունակ հայ ժողովրդի հնազանդ երթերը դեպի սարերը՝ մերթ արևի լույսով ողողված, մերթ՝ արնաշաղախ։
Արժեքավոր են նաեւ կոմպոզիտորին նվիրված օտարազգի հեղինակների ստեղծագործությունները։ Նրանք իրենց գործերում Կոմիտասի անունն անմիջականորեն կապում են Հայաստանի հետ, իսկ Հայաստանինը՝ Կոմիտասի։ Դրանցից են Վերա Զվյագինցեւայի «Իմ Հայաստանը», Գեորգի Լեոնիձեի «Հայաստանին»-ը, Արսենի Տարկովսկու «Կոմիտասը», Կայսին Կուլիեւի «Երեք երգ Կոմիտասին»-ը, Վիկտոր Կոչեւսկու «Էջմիածինը» և այլն.
Զանգվից եմ լսում հրճվանքդ անվերջ,
Որ լցնում է վառ խինդով սար ու ձոր,
Քո սրտի երգն է կաթում հոգուս մեջ
Իսահակյանի երգով մեղրածոր...
Երգը հուզակեզ մեր Կոմիտասի,
Սարյանի վառած երանգը շողուն
Դարձել են, ասես, թև իմ երազին,
Լեռներիդ սիրով սիրտս են ողողում...
(Գեորգի Լեոնիձե)
Ապրողներ, դուք իմ երգը լսելիս,
Խնդրում եմ՝ հիշեք և չմոռանաք.
Ինձ սպանեցին թշնամանքը բիրտ
Ու վայրագությունն ամենավայրագ։
Եթե ապրում են թշնամանքը դեռ
Եվ վայրագությունն իր չոր վայունով,
Հիշեք, նրանք են իմ տունը քանդել,
Ողողել երգս իմ իսկ արյունով...
Ես չեմ մոռացել...
Ես մեկն եմ միայն անթիվ զոհերից։
Հիշեցեք անցած փորձանքները դուք,
Բոլոր զոհերին հիշեցեք նորից,
Որ կանխեք ամեն արհավիրք ու բուք։
Ապրողներ, լսեք, աստված հայերին
Չար բախտ էր տվել ու նենգ հարևան,
Դրա համար դարձա սև մահվան գերին
Ես՝ Կոմիտասս հայոց երգահան։
Էլ սարսափ չունեմ, պառկած եմ հողում,
Էլ չունեմ տանջանք, տխրություն ու վիշտ
Լոկ ապրողների համար եմ դողում
Ես՝ Կոմիտասս հայոց երաժիշտ։
(Կայսին Կուլիեւ)
Ես հավատում եմ, շա՜տ եմ հավատում
Մեծ Կոմիտասի երգին սրբազան,
Որին քշեցին դեպ կառափնատուն,
Բայց անզոր եղան եւ խաչ եւ գազան։
Նրա մեջ ահա, թախծոտ այդ երգի,
Էջմիածինը իր վիշտն էր ողբում,
Եվ ցավն էր ողբում դարավոր վերքի,
Որ ցասումի էր փոխվում օրնիբուն։
Այս երգը կապրի հավետ անթառամ,
Կհասնի ամեն մարդու ականջին,
Ծիծեռնակները երամ առ երամ
Տուն կգան նորից նրա ջերմ կանչին։
(Վիկտոր Կոչեւսկի)
Անհրաժեշտ է առանձնացնել Մամեդ Ռահիմի «Արարատը»։ Անգնահատելի է այն փաստը, թե ինչպիսի ցավով է վերաբերվում մուսուլմանական ազգի ներկայացուցիչը հայկական կոտորածին, Արարատին, Կոմիտասին... Նա դիմում է Արարատին՝ խնդրելով պատմել հայ մայրերի վշտի, Մեծ Եղեռնի զոհերի մասին։ «Քանի՜-քանի՜ նոր Կոմիտասներ թաղվեցին Թուրքիայում՝ շուրթերին՝ չավարտված երգերով», - բացակաչում է բանաստեղծը։
Պատմիր ինձ, ո՛վ Արարատ, թե Թուրքիայում քանի՞ նոր
Կոմիտասներ են թաղել - շուրթերին երգ անավարտ,
Քանի՞ մայրեր՝ Զոհրապի մահն են սգում ամեն օր,
Քանի՞ Սուբհի են խեղդել... Պատմիր ինձ, ո՛վ Արարատ։
Կոմիտասի մասին գրվել են նաեւ պատմվածքներ, վեպեր, որոնցից, հատկապես, պետք է առանձնացնել Լ.Թարգյուլի «Կոմիտաս»-ը, Ս.Փանոսյանի «Վարք Կոմիտաս Կուտինացիի» վիպակը, Մ.Գալշոյանի «Ծիրանի ծառ»-ը, Տ.Վարժապետյանի «Գարուն Ա»-ն...
Այսօր էլ, աշխարհի տարբեր անկյուններում, շարունակվում են երևան գալ նորանոր ստեղծագործություններ՝ նվիրված մեծ կոմպոզիտորին՝ հայ ժողովրդի անմար հանճարին...