Ֆրանսիական էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում․ Վահե Դավթյան
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ֆրանսիական առանցքային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում: Կայաններում արտադրված էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա ու Եվրոպա:
Իհարկե, դա չի խանգարում Ալիևին խոսել գաղութատիրական բարդույթով տառապող Փարիզի մասին: Դա չի խանգարում նաև Փարիզին հանդես գալ պրոհայկական հռետորաբանությամբ: Խոսույթը խոսույթով, իսկ «հողի վրա» եկամտաբեր համագործակցությունից որևէ մեկը չի պատրաստվում հրաժարվել:
Ֆրանսիական էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում պետք է դիտարկել նաև «Զանգեզուրյան միջանցքի» հնարավոր բացման հեռանկարի ներքո: Հիշեցնեմ, որ 2020թ-ից ի վեր Բաքուն խոստանում է Եվրոպային միջանցքով գազամուղ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գիծ անցկացնել: Բնականաբար, Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման նպատակով:
Նշեմ, որ Total Energies-ի տնօրենների խորհրդում ներառված են Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող մարդիկ»։