Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը Սյունիքի մարզ է այցելել
Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են՝ Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցն այցելել են Սյունիքի մարզ, հանդիպել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Թիերի Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա փոխանցել է Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Արցախից բռնի տեղահանված հայերին և շեշտել, որ Ադրբեջանի գործողությունների մասին պետք է բարձրաձայնել և դատապարտել դրանք, և որ իրենք նույնպես դա որակում են էթնիկ զտում:
Հենց այս համատեքստում նախօրեին Լորան Վոքիեի նախաձեռնությամբ, Օվերնյը-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում բոլոր քաղաքական ուժերի կողմից միաձայն ընդունվել է նրա առաջարկած բանաձևը, ըստ որի Սյունիքին հատկացվող նախնական 300.000 եվրո օգնությունը կրկնապատկվել է՝ դառնալով 600.000 եվրո: