Ոչ ոք չի կարող համոզել ինձ հանձնվել ու հրաժարվել պայքարից․ Նարե Սիմոնյան
«Արցախ եմ գնում», ասում եմ ես ու սկսում մտքում ծրագրել Արցախ հասնելու երկար ճանապարհի այսօրվա անելիքներս։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախցի Նարե Սիմոնյանը.
«Ստիպել արևին, որ շողա
Սա հաստատ վեջն է, պետք է արժանապատիվ մեռնել։ Իրենց շատ տարբեր բառերով ու ձևակերպումներով, բայց նույն բարբառով սա են ասում մարդիկ, ովքեր աշխարհի վերջն են տեսել։ Դժվար է աշխարհի վերջը տեսածներին համոզել, որ աշխարհում կա չվերջացած պայքար։
Նրանք չհանձնվելու աշխարհի չեմպիոններն են, ես ի՞նչ երեսով նրանց չհանձնվելու կոչեր անեմ։ Նրանց աշխարհը Արցախն էր (և իմն էլ, իմն էլ...), և աշխարհի վերջը եկավ մի ամիս առաջ։
Գուցե սա իրոք վերջն է, ամեն օր աչքերս բացելուց հետո անցնում է մտքովս, հետո ուզում եմ աչքերս փակել ու մեռնել։ Բայց չեմ կարող, որովհետև աղջիկս՝ Շուշին, արդեն արթնացել է, ու քանի որ «մամ» կանչելով ինձ չի կարողացել արթնացնել, հիմա «Արցա՜խ, Արցա՜խ» է կանչում։
Եվ ով ասաց, որ Արցախ գնալու մասին երազող իմ երեխաները նույնքան երջանիկ չպետք է լինեն, ինչքան որ, օրինակ, Դիսնեյ Լենդ գնալու մասին երազող երեխաներն են։ Արցախ է կանչում, Արցախն է կանչում։
«Արցախ եմ գնում, չեմ կարող գալ», ասում էի ես տարիներ շարունակ։ «Ի՜նչ կա Արցախում», ժպտալով հարցնում էին մարդիկ, շատ լավ իմանալով, թե որն է լինելու պատասխանը։ Ու սկսում էի պատմել, թե ինչ կա Արցախում, ու Հռոմն իր փառահեղ պատմությամբ խամրում էր, Էֆելյան աշտարակը անշուք երկաթի կտոր էր դառնում, շվեցարական բնությունը խեղճանում էր, ԱՄՆ քաղաքացի լինելու երազանքը՝ ծիծաղելի թվում։ «Չեք հավատու՞մ», շարունակում էի ես, «Արցախը ծովեր ու օվկիանոսներ ունի», և չէի խաբում, հիմա էլ ունի...
Բայց աղջիկս շարունակում է «Արցախ, Արցախ» կանչել, ու Արցախը ինձ նորից իր մոտ է կանչում։
«Արցախ եմ գնում», ասում եմ ես ու սկսում մտքում ծրագրել Արցախ հասնելու երկար ճանապարհի այսօրվա անելիքներս։
«Արցախ եմ գնում, վեր կաց ու շողա», ասում եմ ես արևին ու նա սկսում է շողալ ինձ համար։ Ամեն առավոտ ես ստիպում եմ արևին շողալ ինձ համար։ Եվ ուրեմն ոչ ոք չի կարող ստիպել ու համոզել ինձ, որ սա վերջն է, և պետք է պառկել ու մեռնել։ Եվ ոչ ոք չի կարող համոզել ինձ հանձնվել ու հրաժարվել պայքարից։
Չգիտեմ երբ, բայց միթե դա կարևոր է, երբ հաստատ գիտեմ»։