Իրար եկեք, զբաղվեք քաղաքականությամբ, որ ձեր փոխարեն ապիկարներն ու տգետները չորոշեն. Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Հայաստանի գլխավոր խնդիրը մնում է հնարավորությունների՝ ժամանակի և այլ ռեսուրսի սխալ տնօրինումը: Մենք այնքան հնարավորություն և էներգիա ենք վատնում, որ աշխարհի երեսին չլսված բան է:
Անկախությունից հետո ամեն ինչ արեցինք, որ երկիրը լքեն շուրջ 1.5 միլիոն մարդ. Սրանք բոլորը արժեք ստեղծող էին:
Բայց ամենավատը նա է, որ այս մարդկանց մեջ էին գիտության հազարավոր մարդիկ: Միայն ամերիկյան Մասկի և հայկական Լույս ծրագրերով Հայաստանից աշխարհի լավագույն համալսարաններում վերջին 20 և ավել տարիներին, սովորել են հարյուրավոր, իրականում մի քանի հազար մարդ: Սրանց գերակշիռ մասը, այսինքն գրեթե բոլորը՝ 90 և ավել տոկոս, կամ Հայաստանում չի ապրում և ախատում, կամ էլ Հայաստանում է, բայց Հայաստանի համար չի աշխատում:
Ամեն առավոտ զարթնում եմ այն մտքով, որ ինքս էլ իմ պետության հետ վատնում եմ իմ հնարավորությունները: Ես չեմ օգտագործում ինձ բաժին ընկած պոտենցիալի նույնիսկ մեկ տոկոսը, որովհետև իմ գործը հանրային քաղաքականություններն են, այսինքն պետական կառավարման խնդիրները՝ սուղ ռեսուրսների ճիշտ և արդյունավետ օգտագործումը. Իրականում մեզ մոտ ընդհանրապես չկա կառավարում, ամենը ինքնահոսի է. Չկա պետական արդյունավետ համակարգ և սրա պատճառով է, որ չենք զարգանում, այլ ոչ թե ռուսի, թուրքի, պարսիկի կամ այլոց պատճառով:
Ամեն առավոտ զարթնում եմ դեռ այն մտքով, որ գուցե մի օր հավաքվենք մտածել իմացող մարդկանցով և վերջապես քաղաքական պատասխանատվություն ստանձնենք սեփական երկրի համար:
Ամեն առավոտ, նոր հնարավորություն է, բայց ամեն երեկո հասկանում ես, որ այդ օրն էլ վատնվեց եւ պետությունը մնաց նույն վիճակում, իսկ իրականում ավելի վատացավ վիճակը:
Ես դեռ Հայաստանում եմ (քանի դեռ կյանք կա մեջս), դեռ զարթնում եմ հնարավորության հույսով, որ մի օր այլևս բաց չենք թողնի մեր հնարավորությունը:
Օրերն անցնում են, հնարավորություններն էլ հետը, մենք էլ մաշվում ենք՝ ձախողելով սեփական կյանքը, որովհետև այն Գիտակցաբար կապել ենք մեր ձախողված պետության կյանքի հետ, որ դրան ոտքի կանգնելու հնարավորություն տանք: Չեմ հանձնվել, բայց կյանքը անցնում է, ես ու դուք էլ մեծանում, իսկ հնարավորությունները հավերժ չեն, ինչպես և կյանքը, դրանք ինչ-որ պահի ավարտվում են:
Իրար եկեք, զբաղվեք քաղաքականությամբ, որ ձեր փոխարեն ապիկարներն ու տգետները չորոշեն»: