Արմեն Չարչյանը վայր կդնի՞ մանդատը
NEWS.am-ի տեղեկություններով՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն առաջիկայում մտադիր է վայր դնել պատգամավորական մանդատը և զբաղվել բացառապես մասնագիտական գործունեությամբ:
NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել տեղեկությունը՝ ոչ հերքելով և ոչ էլ հաստատելով այն:
««No comment», ես ձեր տեղեկությունը չեմ մեկնաբանում, ես այժմ զբաղված եմ գիտական գործունեությամբ»,-արձագանքեց հայտնի բժիշկը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր աղբյուրներն էլ վստահեցրեցին, որ այս պահին դեռևս նման որոշում չկա:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին:
«Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանն, ըստ մեղադրանքի, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Չարչյանը սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։
Բժշկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև մեկ այլ դրվագով: Ըստ դատախազության ՝ Չարչյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:
Այս տարվա փետրվարի 8-ին Ազգային ժողովը գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել:
Բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արմեն Չարչյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան հերոսամարտին, մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պետական պարգևների, շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ է: